
Անժույցի արքան մեռնում է կռվի դաշտում: Գահն անցնում է նրա
որդուն: Բայց սա առաջարկում է իր կրտսեր եղբորը՝ Գամուրետին, բաժանել երկիրը և տնօրինել
երկուսով: Գամուրետը հրաժարվում է և մեկնում է հեռու երկրներ փառք որոնելու: Հասնում
է Բաղդադ և Բարուկ տիրակալին առաջարկում է իր ծառայությունները: Կռիվներ է մղում նրա
համար: Արկածները հասցնում են նրան մավրերի երկիր: Այստեղ նրա օգնությունն է խնդրում
գեղեցիկ թխամաշկ Բելականան: Կռվում է մավրերի կողմում, հաղթում է նրանց թշնամիներին
և ամուսնանում Բելանանայի հետ՝ դառնալով մավրերի թագավոր: Սակայն շուտով թողնում է
կնոջը և մեկնում նոր արկածների ետևից: Բելանանան որդի է ունենում, որին կոչում է Ֆեյրեֆից:
Սա կիսով սպիտակ է, կիսով՝ սև: Իսպանիայում Գամուրետը ամուսնանում է Իսպանիայի թագուհու
հետ, պայմանով, որ սա չի խանգարի իրեն բավարարել արկածների ծարավը: Մեկնում է արշավանքի,
որից չի վերադառնում:
Թագուհին ծնում է նրա որդուն՝ Պարցիֆալին: Թաքցնում է հոր
մասին ամեն բան, որպեսզի որդին չվարակվի հոր արկածախնդրությամբ: Սակայն կոմս Ուլտերեկը
պատմում է նրան Արթուր թագավորի, ասպետների, սխրագործությունների մասին: Մայրը
չի կարողանում զսպել Պարցիֆալին մնալ տանը: Միայն խնդրում է մատանի վերցնել այն աղջկանից,
որն իրեն դուր կգա և լինել բարի: Նաև հիշել, որ իրենց թշնամին է չարագործ Լեյլինը:
Երբ Պարցիֆալը հեռանում է, մայրը մեռնում է վշտից:
Անտառում հանդիպում է քնած աղջկա, որին համբուրում է և որի
ձեռքից հանում է մատանին: Հանդիպում է նաև իր ազգականուհուն, որը պատմում է նրան իր
հոր՝ Գամուրետի մասին: Հանդիպում է նաև ասպետ Կարմիր Իտերին, որը պատմում է, որ Արթուր
թագավորը խլել է իրենից իր հողերը, իսկ նա վերցրել է թագավորի ոսկե գավաթը և կվերադարձնի,
եթե թագավորը թույլ տա իրեն կռվել իր շքախմբի որևէ ասպետի հետ և ետ տա իր հողերը: Պարցիֆալը
խոստանում է հաղորդել թագավորին ասպետի խնդրանքը:
Արթուրի արքունիքում Պարցիֆալը պատմում է Կարմիր Իտերի խնդրանքը:
Պարցիֆալին ուղարկում են մենամարտի, որպեսզի ազատվեն համառ երիտասարդից, սակայն նա
հրաշքով հաղթում է: Հետո Պարցիֆալը հասնում է մի քաղաք, որտեղ թագավորում է իշխան Գուրնեմանցը:
Սա սովորեցնում է Պարցիֆալին ասպետական վարք ու բարքի կանոնները: Պարցիֆալը հաղթում
է նրա թշնամիներին և ամուսնանում է իշխանի ազգականուհու՝ թագուհի Կոնդվինամուրի հետ:
Շուտով, սակայն նորից ճանապարհ է ընկնում: Հայտնվելով անտառում, հանդիպում է Անֆորտասի
հետ և օթևանում է նրա դղյակում: Անֆորտասի տեսքից երևում է, որ նա հիվանդ է: Դղյակում
սկսում են տարօրինակ բաներ կատարվել: Ներս է գալիս թագուհին, որը բերում է Գրաալի կախարդական
քարը, որը լույս է շողարձակում: Սեղանին հայտնվում են համեղ կերակուրներ: Առավոտյան
ամեն բան չքանում է, իսկ դղյակը՝ դատարկվում: Պարցիֆալը նորից ճանապարհ է ընկնում:
Անտառում հանդիպում է իր ազգականուհուն՝ Սիգունին: Իմանալով
Պարցիֆալի հետ կատարվածը, աղջիկը սկսում է անեծք տեղալ: Պարցիֆալը պիտի հարցներ տեսածի
մասին. դա կբուժեր Անֆորտասին: Պարցիֆալը շարունակում է ճանապարհորդությունը և հանդիպում
է աղջկան, որի ձեռքից հանել էր մատանին: Ամուսինը մատանին կորցնելուց հետո պատժել էր
նրան և ցնցոտիներով դուրս վռնդել տանից: Պարցիֆալը վերադարձնում է մատանին և փրկում
է աղջկա պատիվը:
Այդ ընթացքում Արթուր թագավորը փնտրում է Պարցիֆալին, որպեսզի
դասի նրան Կլոր սեղանի ասպետների թվին: Պարցիֆալը, սակայն, պիտի քավի Անֆորտասին չբուժելու
իր մեղքը: Նա լինում է Մունսալվեշ ամրոցում, որտեղ բնակվում է Անֆորտասի թշնամին՝ չարագործ
Կլինգսորը: Այստեղ վանականներից մեկը պատմում է նրան, որ Անֆորտասը, տիրելով Գրաալի
քարին, մի անգամ մենամարտի ժամանակ վիրավորվել է և նրա վերքը դարձել է անբուժելի: Սակայն
քարի վրա հայտնվել է գրություն, ըստ որի նա կապաքինվի, եթե մի ասպետ հետաքրքրվի նրա
հիվանդության պատճառներով:
Պարցիֆալը իր ընկերոջ՝ Գավանի անվան տակ կռվում է Գրամոֆլանցի
հետ և հաղթում է նրան: Օտար երկրում նա կռվում է մավրերի առաջնորդ Ֆեյրեֆիցի հետ, չիմանալով,
որ դա իր եղբայրն է: Հաղթող չկա, քանի որ ուժերը հավասար են: Իմանալով, որ նրանք եղբայրներ
են, փարվում են իրար: Գնում են Արթուր թագավորի մոտ: Այստեղ կախարդուհին, ասում է,
որ Պարցիֆալը քավել է մեղքը: Գրաալի քարի վրա հայտնվում է նրա անունը: Այսուհետ նա
է քարի տերը: Պարցիֆալը և Ֆեյրեֆիցը գալիս են Մունսալվեշ և Պարցիֆալը վերջապես հարցնում
է Անֆորտասին իր հիվանդության պատճառների մասին: Անֆորտասը ապաքինվում է: Պարցիֆալի
մոտ են գալիս իր կինը և երկու որդիները: Ֆեյրեֆիցն ամուսնանում է Անֆորտասի քրոջ հետ:
Պալատում բոլորը նշում են իրենց ազատումը չարիքներից ու փորձություններից:
Տես նաև Նիբելունգների երգը, Տրիստան և Իզոլդա և Ավագ
Էդդա
Վոլֆրամ ֆոն Էշենբախ | Պարցիֆալ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 18, 2016
Rating:
