Հերակլեսի տասներկու սխրանքները


Նեմեյան առյուծ
Էվրիսթևսի առաջին հանձնարարության համաձայն Հերակլեսը պետք է սպաներ նեմեյան առյուծին, որը Տիփոնի և Էքիդնայի զավակն էր։ Առյուծն ամայացնում էր ողջ շրջակայքը։ Հերակլեսը որոշեց գտնել առյուծի որջը և դարանակալել նրան։ Առյուծին տեսնելուն պես Հերակլեսը երեք նետ արձակեց առյուծի վրա, բայց սրա մաշկը պողպատի պես ամուր էր և նետերը հետ թռան։ Կատաղած առյուծը նկատեց Հերակլեսին և հարձակվեց նրա վրա։ Հերակլեսը իր գուրզով ուժգին հարվածեց առյուծին, իսկ հետո խեղդեց։ Հերոսը առյուծին շալակած վերադարձավ Նեմեա և իր հաղթանակի համար զոհ մատուցեց Զևսին, ապա հիմնեց Նեմեական խաղերը։ Էվրիսթևսը Հերակլեսի հաղթանակը տեսնելով սոսկաց և անգամ արգելեց մոտ գալ Միկենեի դարպասներեին։

Լերնեյան հիդրա
Էվրիթևսն Հերակլեսին ուղղարկեց լերնեյան հիդրային սպանելու, որը նունպես Տիփոնի և Էքիդնայի զավակն էր։ Օձակերպ մարմին և վիշապի ինը գլուխ ունեցող հրեշը ապրում էր Լերնե քաղաքի մոտ գտնվող ճահճում։ Հրեշի ինը գլուխներից մեկն անմահ էր։ Հերակլեսը հրեշի մոտ է գնում Իփիկլեսի որդու` Իոլայոսի հետ: Հերակլեսն իր նետերն այնքան շիկացրեց, որ կարմրեն, այնուհետև դրանք արձակեց հիդրայի վրա: Գազազած հրեշը փորձեց հարձակվել, բայց հերոսը ոտքը դրեց հիդրայի մարմնի վրա և իր գուրզով հերթով թռցնում էր հիդրայի գլուխները։ Սակայն նկատեց, որ մեկ թռցրած գլխի փոխարեն Հիդրայի վրա երկու նոր գլուխ է աճում։ Հիդրային օգնության հասավ հրեշավոր խեցգետինը, որը ճանկերը խրեց Հերակլեսի մարմնի մեջ։ Հերոսը օգնության կանչեց Իոլայոսին, որը սպանեց խեցգետնին և հրի մատնեց մոտակա անտառի մի մասը։ Այնուհետև այրված ծառերի բներով Իոլայոսն այրեց հիդրայի կտրած գլուխների բները, որից հետո նոր գլուխներ այլևս չաճեցին։ Հիդրան թուլացավ և Հերակլեսը կարողացավ բոլոր գլուխները կտրելուց հետո կտրել նաև անմահ գլուխը և հիդրային տապալել գետնին։ Անմահ գլուխը Հերակլեսը թաղեց գետնի տակ և վրան վիթխարի քարաժայռ դրեց, որպեսզի այլևս չկենդանանա։ Հերակլեսը պատռեց հիդրայի մարմինը և իր նետերը սուզեց նրա թունոտ լեղու մեջ։

Ստիմփալոսյան թռչուններ
Էվրիսթևսի հանձնարարությամբ Հերակլեսը պետք է կոտորեր Ստիմփալյան թռչուններին, որոնք գրեթե ամայացրել էին Արկադիայի Ստիմփալոս քաղաքի շրջակայքը։ Թռչունները հարձակվում էին մարդկանց և կենդանիների վրա։ Ստիմփալյան թռչուններն ունեին պղնձե ճանկեր, կտուցներ և բրոնզե փետուրներ։ Հերակլեսին օգնություն հասավ Աթենան։ Նա Հերակլեսին երկու պղնձե ծնծղա տվեց և հրամայեց կանգնել բարձր լեռան վրա և հարվածել ծնծղաներին, իսկ երբ կհայտնվեն թռչունները` նետահարել նրանց։ Հերակլեսն այդպես էլ արեց և թռչունների փետուրների տարափը ոչ մի վնաս չհասցրես լեռան վրա կանգնած հերոսին։ Նա իր մահաբեր նետերով խոցեց թռչուններին և կոտորեց։ Ողջ մնացածները հեռացան դեպի Էվքիսյան Պոնտոս և այլևս չվերադարձան։

Կերինյան եղջերու
Էվրիսթևսի հանձնարարությամբ Հերակլեսն ուղևորվում է Կերինյան եղջերուին որսալու։ Դա մի զարմանահրաշ եղջերու էր` ոսկե եղջյուրներով, պղնձե ոտքերով, որին Արտեմիս աստվածուհին էր ուղարկել մարդկանց պատժելու։ Եղջերուն կարող էր առանց հոգնելու սուրալ հովիտներում։ Մոտ մեկ տարի տևեց եղջերուի հետապնդումը, որը կտրել անցել էր գետեր, լեռներ և հարթավայրեր։ Վերջապես Հերակլեսը կարողացավ եղջերուին հասնել հյուսիսում` Իստրոսի ակունքների մոտ։ Քիչ էր մնացել, որ բռնի եղջերուին, սակայն եղջերուն դեպի հարավ սուրաց։ Հերակլեսը միայն Արկադիայում կարողացավ հասնել նրան: Նետով վերավորեց եղջերուի ոտքը, որից հետո կարողացավ բռնել նրան։ Արտեմիսը զայրացավ Հերակլեսի վրա և հանդիմանեց: Հերակլեսը բացատրեց, որ եղջերուի որսը Էվրիսթևսի նախաձեռնությունն էր։ Արտեմիսը ներեց հերոսին և Հերակլեսը եղջերուին հասցրեց Միկենե։

Էրիմանթոսյան վարազ
Այս անգամ Հերակլեսը պետք է սպաներ Էրիմանթոսյան վարազին։ Վարազն ապրում էր Էրիմանթոս լեռան վրա և ամայացնում էր Պսոփիս քաղաքը` չխնայելով անգամ մարդկանց։ Հերակլեսը ճանապարհ է ընկնում դեպի Էրիմանթոս լեռը և այցելում իմաստուն կենտավրոս Փալոսին։ Փալոսը Հերակլեսին գինի է հյուրասիրում և խնջույք անում։ Գինու անուշաբույր բուրմունքը հասնում է մյուս կենտավրոսներին և վերջիններս կատաղած հարձակվում են Հերակլեսի և Փալոսի վրա։ Զայրույթի պատճառն այն էր, որ գինին պատկանում էր բոլոր կենտավրոսներին, այլ ոչ թե Փալոսին։ Հերակլեսը մարտի է նետվում և սկսում է նետահարել կենտավրոսներին։ Վերջիններս ապաստանում են Հերակլեսի ընկերոջ` իմաստագույն կենտավրոս Քիրոնի մոտ։ Հերակլեսը գնում է Քիրոնի տուն և այնտեղ էլ սկսում է նետահարել նրանց, բայց պատահաբար Հերակլեսի մահացու նետը վիրավորում է Քիրոնին։ Վերջինս տանջանքներից խուսափելով կամովի իջնում է Հադես։ Վշտացած Հերակլեսը ուղևորվեց վարազին գտնելու, որին նա դուրս կանչեց սաղարթախիտ անտառներից և քշեց դեպի խորախոր ձյունը։ Այնուհետև Հերակլեսը վարազին կապեց և կենդանի հասցրեց Միկենե։

Ավգիաս արքայի ախոռները
Էրիսթևսի հերթական հանձնարարությամբ Հերակլեսը պետք է մաքրեր Հելիոսի որդի Ավգիասի ախոռների գոմաղբը։ Ավգիասը Էլիսի արքան էր և մեծ հարստության տեր էր։ Նրա նախիրի մեջ կար 300 ձյունաճերմակ ոտքերով ցուլեր, 200 ցուլ Սիդոնի ծիրանիի գույնով և Հելիոսի կողմից նվիրաբերված 12 ցուլերը։ Հերակլեսն Ավգիասին առաջարկեց մեկ օրում մաքրել ախոռները, որի դիմաց Ավիգիասը պետք է տար իր նախիրի տասներորդ մասը։ Ավգիասը համաձայնվում է։ Հերակլեսը քանդում է ախոռի պատերը և Ալփեոս և Պենեոս գետերի ջրերը շուռ է տալիս ախոռի մեջ։ Գետերը մեկ օրում սրբում-տանում են աղբը, որից հետո դյուցազնը վերականգնում է պատերը։ Բայց Ավգիասը հրաժարվում է իր նախիրի մեկ տասներորդը տալ։ Էվրիսթևսի ծառայությունից մի քանի տարի անց Հերակլեսը վրեժխնդիր է լինում Ավգիասից։ Հերոսը զորաբանակով մտնում է Էլիս և իր մահաբեր նետով սպանում է Ավգիասին։ Այնուհետև վրեժ է լուծում Ավգիասի բոլոր դաշնակիցներից` հատկապես Պիլոսի արքա Նելևսից։ Նա սպանում է Պիլոսին և նրա տանսերկու որդիներից տասնմեկին` այդ թվում և Պերիկլիմենոսին, որը Պոսեյդոնի շհնորհիվ կարող էր ցանկացած պահի դառնալ առյուծ, օձ կամ մեղու։ Կենդանի է մնում միայն Նեստորը։ Էլիսի ամբողջ ավարը Հերակլեսն իբրև զոհ մատուցեց օլիմպացի աստվածներին և հիմնադրեց Օլիմպիական խաղերը, որոնք անց էին կացվում 4 տարին մեկ։

Կրետական ցուլ
Այս հանձնարարությունը կատարելու համար Հերակլեսը պետք է ուղևորվեր Կրետե կղզի։ Հերակլեսը պետք է Միկենե բերեր այն ցուլը, որին Կրետե էր ուղղարկել Պոսեյդոնը։ Կրետեի արքա Մինոսը այդ ցուլը պետք է զոհաբերեր Պոսեյդոնին, բայց հիանալով նրա գեղեցկությամբ, արքան ցուլին պահում է իր նախիրում, իսկ նրա փոխարեն մեկ ուրիշին է զոհաբերում։ Պոսեյդոնը կատաղեցնում է իր ուղղարկած ցուլին և վերջինս սկսում է բնաջնջել իր ողջ շրջակայքը։ Հերակլեսը բռնում է ցուլին և զսպում նրան, իսկ այնուհետև ցուլի մեջքին բազմած կտրում է Կրետեից Պելեպոնեսոս տանող ծովի ջրերը։ Էվրիսթևսը վախեցավ ցուլն իր ախոռում պահելուց և ազատ արձակեց նրան։ Կատաղի ցուլը սուրաց դեպի Ատտիկա, որտեղ նրան սպանեց աթենական մեծ հերոս Թեսևսը։

Դիոմեդեսի նժույգները
Այս անգամ Հերակլեսն ուղևորվում է Թրակիա` բրիստոնների արքա Դիոմեդեսի մոտ։ Դիոմեդեսն հրաշք գեղեցկության և նժույգներ ուներ, սակայն նրանց երկաթե գամերով կապում էր մսուրներին, քանի որ ոչ մի կերպ զսպել չէր կարող։ Դիոմեդեսն իր ձիերին կերակրում էր մարդկանց մսով։ Հերակլեսը կարողացավ տիրանալ նժույգներ և իր նավում պահեց` որպես պահապան իր սիրելի Աբդերոսին կարգելով։ Այնուհետև Հերակլեսն իր սակավաթիվ զորքով մարտնչեց Դիոմեդեսի և բիստոնացիների դեմ և հաղթեց, իսկ Դիոմեդեսն ընկավ մարտում։ Նավ վերադառնալիս Հերակլեսը տեսավ, որ ձիերը պատառոտել են իր սիրելի զինակցին։ Հերակլեսը շատ վշտացավ և շքեղորեն թաղեց Աբդերոսին և շիրիմի մոտ մի Աբդերա անունով մի քաղաք հիմանդրեց։ Դիոմեդեսի նժույգները Հերակլեսը տվեց Էվրիսթևսին, սակայն վերջինս վախեցավ պահել նրանց և ազատ արձակեց։ Վայրի նժույգները փախան և վայրի գազանների բաժին դարձան։

Հերակլեսն Ադմենոսի մոտ
Սխրանքներ կատարելու ճանապարհին Հերակլեսը հյուր է գնում իր բարեկամ Ադմենոս արքային, որը թագավորում էր Փերե քաղաքում։ Սակայն Հերակլեսը ծանր ժամանակ էր ընտրել։ Ադմետոս արքան պետք է մահանար և Ապոլլոնի խնդրանքով ճակատագրի աստվածները որոշեցին, որ կփրկվի, եթե որևէ մեկը կամովին համաձայնի Ադեմետոսի փոխարեն Հադեսի թագավորություն իջնել։ Արքայի կինը` Ալկեստիսը, համաձայնվեց։ Վշտացավ Ադմետոսը և կնոջը խնդրեց իր փոխարեն չմահանալ, բայց արդեն ուշ էր։ Հերակլեսը հյուր է գալիս այն օրը, երբ Թանատոսը պետք է տաներ Ալկեստիսի մարմինը։ Ադմետոսը ոչ մի բան չի ասում Հերակլեսին և իր ծառաներին հրամայում է շքեղ սեղան գցել և սպասարկել իր հյուրին։ Սակայն Հերակլեսի աչքից չի վրիպում ծառաների տրտմությունը և, ի վերջո, հարցուփորձով ամեն բան իմանում է։
Հերակլեսը գնում է Ալկեստիսի մարմնի մոտ և սպասում է Թանատոսին, իսկ այնուհետև պայքարում է նրա դեմ։ Չնայած Թանատոսի մահաշունչ ուժին, Հերակլեսը հաղթում է նրան և կապկպում, իսկ որպես ազատության փրկագին պահանջում է հետ վերադարձնել Ալկեստիսի կյանքը։ Թանատոսը վերադարձրեց կնոջ կյանքը և Հերակլեսը Ալկեստիսին տարավ ամուսնու ապարանք։

Հիպոլիտեի գոտին
Էվրիսթևսի դուստր Ադմենտեն` Հերա աստվածուհու քրմուհին, ցանկանում էր կրել Հիպոլիտեի գոտին։ Այդ գոտին Արեսն էր տվել ամազոնուհիների առաջնորդուհուն` ի նշան բոլոր ամազոնուհիների վրա ունեցած իշխանության։ Հերակլեսն այս անգամ ուղևորվում է ամազոնուհիների երկիրը։ Հերակլեսի արշավանքին բազմաթիվ անվանի հերոսներ միացան, այդ թվում և Թեսևսը։ Հերոսները պետք է հասնեին Պոնտոսի ամենահեռավոր ափերը, որտեղ գտնվում էր ամազոնուհիների երկիրը։ Ճանապարհին Հերակլեսն իր ուղեկիցների հետ եղան Պարոս կղզում, որտեղ իշխում էին Մինոսի որդիները։ Վերջիններս ճանապարհորդ հերոսներից երկուսին սպանեցին։ Հերակլեսը զայրացավ և պատերազմեց պարոսցիների հետ։ Զևսի որդին կոտորեց Պարոսի բնակիչներից շատերին, իսկ մնացածին էլ քաղաք քշեց և պաշարեց։ Պաշարվածները Հերակլեսին հաշտություն առաջարկեցին, որի դիմաց վերջինս երկու մահացած հերոսների փոխարեն կարող էր իր հետ տանել ցանկացած երկու պարոսցու։ Հերակլեսն ընտրեց Մինոսի թոռներին` Ալկեոսին և Սթենալոսին։ Պարոսից հետո Հերակլեսը գալիս է Միսիա` Լիկոս արքայի մոտ: Լիկոսի վրա հարձակվում բեբրիկների արքան։ Հերակլեսն իր մարդկանցով պարտության է մատնում թշնամուն, ավերում է նրանց մայրաքաղաքը և բոլոր հողերը տալիս է Լիկոսին։ Ի պատիվ Հերակլեսի, Լիկոսն այդ երկիրը կոչում է Հերակլիա։ Հիպոլիտեն ամազոնուհիների հետ ընդառաջ է գալիս Հերակլեսին և իմանալով, թե ինչ է պետք հերոսին, որոշում է կամովին տալ, սակայն Հերան ամազոնուհու կերպարանքով հայտնվեց կանանց շարքերում և նրանց ստիպեց մարտնչել Հերակլեսի դեմ, ասելով որ Հերակլեսն իր զորքով եկել է Հիպոլիտեին գերի տանելու։ Ամոզոնուհի Աելլեն առաջինն էր, որ հարձկվեց Հերակլեսի զորքի վրա, բայց Աելլեն և ընկավ Հերակլեսի սրից։ Ամազոնոհի Պրոտոյան կարողացավ յոթ հերոսի խոցել, բայց Հերակլեսի մահաբեր նետից խուսափել չկարողացավ։ Հերակլեսի վրա յոթ ամազոնուհիներ հարձակվեցին։ Վերջիններս Արտեմիս աստվածուհու ուղեկիցներն էին։ Հերակլեսը իր գուրզով յոթին էլ կարողացավ իրար հետևից տապալել։ Ամազոնուհիների հետ պայքարում Հերակլեսը գերի վերցրեց Մելանիպեին և Անտիոպեին։ Ամազոնուհիները հաշտության պայմանագիր կնքեցին Զևսի որդու հետ։ Հիպոլիտեն իր գոտիով փրկագնեց Մելանիպեին, իսկ Անտիոպեին, իբրև պարգև, Հերակլեսը տվեց Թեսևսին։ Ամազոնուհիների երկրից Տիրինթոս վերադառնալու ճանապարհին Հերակլեսն իր զորքով մոտեցավ Տրոյային։ Ծովափին` առափնյա ժայռի վրա գամված էր չքնաղ Հեսիոնեն` Տրոյայի արքա Լաոմեդոնի դուստրը։ Վերջինիս պիտի պատառոտեր Պոսեյդոնի կողմից ուղղարկված հրեշը։ Զևսի հրամանով Ապոլլոնն ու Պոսեյդոնը պետք է ծառայեին Լաոմեդոնին։ Իսկ գոռոզ արքան ոչ միայն հրաժարվել էր Ապոլոնին վճարել Տրոյայի պարիսպների կառուցման վարձը, այլև սպառնացել էր, որ կկտրի Ապոլլոնի և Պոսեյդոնի ականջները։ Զայրացած Ապոլլոնը համաճարակ ուղղարկեց Տրոյայի վրա, իսկ Պոսեյդոնն էլ մի զարհուրելի հրեշ, որն անխնա ամայացնում էր Տրոյայի շրջակայքը։ Երկիրն ահավոր աղետից փրկելու համար միայն մի միջոց կար` զոհաբերել արքայի դստերը` Հեսիոնեին։ Հերակլեսը Լաոմեդոնին առաջարկեց ազատել Հեսիոնեին, որի դիմաց վերջինս պետք է տար ամպրոպակիր Զևսի կողմից ուղղարկված նժույգները։ Արքան համաձայնվեց։ Հերակլեսը սպանեց հրեշին և ազատեց Հեսիոնեին, իսկ Լաոմեդոնը հրաժարվեց խոստման իր մասը կատարելուց։ Զևսի որդին չկարողացավ վրեծ լուծել խաբեբա թագավորից, քանի որ քիչ զորք ուներ և գտնվում էր ծառայության մեջ։

Գերիոնի կովերը
Էվրիսթևսի հրամանով Հերակլեսը պետք է Միկենե բերեր հսկա Գերիոնի կովերը։ Այս սխրագործության ժամանակ Հերակլեսը կանգնեցնում է Հերակլեսյան սյուները։ Օվկիանոսին հասնելով Հերակլեսը չկարողացավ կտրել Օվկիանոսը։ Հայտնվեց Հելիոսը և իր ճաճանչափայլ լույսով կուրացրեց Հերակլեսին։ Հերոսը միանգամից վեր թռավ և իր աղեղն ուղղեց Հելիոսի վրա։ Արևի աստված միայն ժպտաց, քանի որ նրան դուր եկավ հերոսի խիզախությունը։ Հելիոսն առաջարկեց Հերակլեսին իր ոսկեղեն մակույկով հատել օվկիանոսը։ Հերակլեսը հասավ Էրիթիա կղզու ափերը։ Այստեղ Հերակլեսի վրա հարձակվեց երկգլխանի ահեղ շուն Օրթոսը։ Գուրզի մի հարվածով հերոսը սպանեց շանը։ Այնուհետև Հերակլեսի վրա հարձակվեց Գերիոնի հսկա նախրախանը` Էվրիտիոնը։ Հերակլեսը նրան էլ կարողացավ սպանել։ Կովերի բառաչյունը լսելով Գերիոնը նետվեց նրանց հետևից։ Գերիոնը հսկա էր` երեք մարմնով և երեք գլխով։ Նա կարող էր միանգամից երեք տեգ նետել ախոյանի վրա։ Հերակլեսին օգնության հասավ Աթենաս աստվածուհին։ Հերոսը իր մահաբեր նետերով մեկ առ մեկ խոցեց հսկայի գլուխները և հսկան անշնչացած տապալվեց գետնին։ Մնում էր նախիրը քշել հասցնել Միկենե, բայց Իտալիայի հարավում` Ռեգիում քաղաքի մոտ, կովերից մեկը փախավ և հասավ Սիկիլիա։ Հերակլեսը Հեփեստոսին խնդրեց տիրություն անել նախրին, իսկ ինքը գնաց փախած կովի հետևից։ Սակայն Սիցիլիայի Էրիքիս արքան կովը պահել էր իր նախրում և Հերակլեսին մարտի հրավիրեց, այն պայմանով, որ կովը կլինի հաղթողինը։ Հերակլեսը մարտում նրան խեղադամահ արեց և կովի հետ միացավ իր նախրին։ Իոնյան ծովի ափերին Հերան կատաղեցրեց ամբողջ նախիրը։ Հերակլեսն մեծ ջանքերի գնով կարողացավ կովերի մեծ մասին գտնել։ Դրանից հետո նա կովերին հասցրեց Միկենե։ Էվրիսթևսը կովերին զոհ մատուցեց Հերային։

Կերբերոս
Այս սխրագործության համար Հերակլեսը պետք է իջներ Հադեսի և գողանար ստորերկրա թագավորության պահապանին` ահավոր շուն Կերբերոսին։ Այդ հրեշավոր շունը երեք գլուխ ուներ, վզին օձեր էին պտտվում, իսկ պոչին ուներ երախ ունեցող վիշապի գլուխ։ Հադեսի դարպասների մոտ Հերակլեսը տեսավ ժայռի վրա գամված Թեսևսին և Թեսալիայի արքա Պերիփոսին։ Վերջիններս պատժի էին դատապարտվել, քանի որ ցանկացել էին առևանգել Պերեսեփոնեին։ Հերակլեսը ազատեց Թեսևսին, բայց երբ փորձեց օգնել Պերիփոսին, զգաց, որ աստվածները չեն ուզում վերջինս ազատվի պատժից։ Հադեսի թագավորություն մտնելուն պես ողջ հոգիները ցրիվ եկան։ Միայն Մելագրոսի ստվերն էր, որ մնաց իր տեղում։ Նա իր ընկերոջը` Հերակլեսին, խնդրեց պաշտպան կանգնել իր քույր Դեանիրեին և կնության առնել։ Հերակլեսը խոստացավ կատարել խնդրանքը։ Շուտով Հերակլեսը հասավ Հադեսին և Պերսեփոնեին։ Հադեսն իմացավ Զևսի որդու խնդիրքը և համաձայնվեց շանը տալ, եթե Հերակլեսը անզեն կարողանա նրան հնազանդեցնել։ Հերակլեսը երկար փնտրեց հրեշավոր շանը և վերջինիս գտնելուն պես վզից ամուր բռնեց և սկսեց սեղմել։ Ոչինչ չօգնեց շանը և վերջինս ուժասպառ ընկավ Հերակլեսի ոտքերի առջև։ Հերակլեսը Կերբերոսին բերեց Միկենե, սակայն երկչոտ Էվրիսթևսը Հերակլեսին ծնկաչոք պաղատեց շանը հետ տանել Հադեսի մոտ։ Հերակլեսը կատարեց նրա խնդրանքը։

Հեսպերիդիների խնձորները
Այս անգամ Հերակլեսին ուղարկում են երկնակամարն իր ուսերին պահող տիտան Ատլասի մոտ։ Նրա այգուց, որին հսկում էին Ատլասի դուստրերը` Հեսպերիդները, Հերակլեսը պետք է երեք հատ ոսկե խնձոր բերեր։ Այդ խնձորները աճում էին մի ոսկե ծառի վրա, որը Գեան իբրև Հերային ընծա աճեցրել էր Հերայի և Զևսի հարսանիքի օրը։ Ճանապարհին Հերակլեսը հանդիպեց հսկա Անթեոսին, որը Պոսեյդոնի և Գեայի որդին էր։ Վերջինս ցանկացած պատահածի ստիպում էր իր հետ կռվել և հաղթելու դեպքում անգթաբար սպանում էր նրան։ Հերակլեսն էլ ստիպված նրա հետ կռվեց և մի քանի անգամ գետնով տվեց։ Սակայն դրանից հսկան էլ ավելի էր ուժեղանում։ Հերակլեսն հասկացավ Անթեսի ուժի գաղտնիքը և նրան կտրեց երկրից և խեղդամահ արեց։ Անթեոսի այրին` Տինգիսը Հերակլեսից որդի է ունենում և կոչում Սափակ։ Եգիպտոս հասնելուն պես Հերակլեսը որոշեց քնել։ Նրան գերի վերցրեց Եգիպտոսի արքան` Պոսեյդոնի և Էպափոսի դուստր Լիսիանասեի որդի Բուսիրիսը։ Նա Հերակլեսին ուզում էր զոհ մատուցել Զևսին։ Ինը տարի էր, ինչ երկրում անբերրիություն էր տիրում և Կիպրոսից եկած պատգամախոս Թրասիոսը կանխագուշակել էր, որ անբերրիությունը կվերանա, երբ տարին մեկ անգամ մի օտարերկրացի զոհաբերեն Զևսին։ Զոհաբերության սեղանի մոտ Հերակլեսը ազատվում է կապանքներից ու սպանում է Բուսիրիսին և նրա որդուն` Ամփիդամասին։ Հասնում է Ատլասին: Ատլասը համաձայնվեց խնձորները բերել, բայց Հերակլեսը պետք է պահեր նրա փոխարեն երկնակամարը։ Հերակլեսը Աթենայի օգնությամբ կարողացավ պահել երկնակամարը, մինչև որ Ատլասը վերադարձավ։ Սակայն վերջինս փորձեց խորամանկել և Հերակլեսի վրա թողնել իր պարտականությունը։ Հերակլեսը կռահեց այդ և միանգամից չհամաձայնվեց Ատլասի Միկենե գնալու խնդրանքին։ Հերակլեսն ասաց, որ լավ կլինի ինքը նախ մի բարձ սարքի, որով կթեթևացնի իր բեռը։ Ատլասը իր վրա վերցրեց երկնակամարը, իսկ Հերակլեսը հեռացավ։ Էվրիսթևսը խնձորներն ընծայեց Հերակլեսին, իսկ Հերակլեսը դրանք նվիրեց Աթենասին, որն էլ իր հերթին վերադարձրեց դրանք Հեսպերիդների այգի։
   
Հերակլեսի տասներկու սխրանքները Հերակլեսի տասներկու սխրանքները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:11:00 Rating: 5
Технологии Blogger.