
Սյուժեի որոշ մոտիվների համար աղբյուր է հանդիսացել Ջովաննի
Բոկաչչոյի «Դեկամերոնը»: Ցիմբելինը Բրիտանիայի արքան է: Նրա դուստրը՝ Իմոգենան, սիրահարված
է Լեոնատ Պոստումին: Նրանք որոշում են գաղտնի նշանվել: Իմոգենայի խորթ մայրը մտադիր
է ամուսնացնել աղջկան իր որդու՝ Կլոտենի հետ, որն աչքի է ընկնում վատ բնավորությամբ:
Այդ նպատակով Ցիմբելինին պատմում է իր դստեր գաղտնի նշանադրության մասին և սա վտարում
է Պոստումին իր թագավորությունից: Պոստումը թափառում է: Հասնում է Հռոմ, որտեղ իր հին
ընկերոջ՝ Յակիմոյի հետ վիճում է, որ իր նշանածը ամենահավատարիմն է: Յակիմոն հայտարարում
է, որ կկարողանա գայթակղել աղջկան և մեկնում է Բրիտանիա: Եթե նրան հաջողվի անել դա,
ապա Պոստումը նրան կնվիրի թանկարժեք քարերով մատանին, որ ստացել է իր սիրահարից: Յակիմոն
չի կարողանում գայթակղել Իմոգենային: Սակայն թաքնվում է աղջկա ննջարանում և կարողանում
է տեսնել նրան մերկ: Վերադառնում է Պոստումի մոտ և պատմում է նրան աղջկա մարմնի և ննջասենյակի
կահավորանքի մանրամասների մասին: Պոստումը նրան է հանձնում մատանին: Հետո նամակ է գրում իր ծառային, որում պատվիրում է սպանել Իմոգենային:
Սակայն ծառան զգալով, որ այստեղ ինչ-որ խարդախություն կա, չի սպանում աղջկան, այլ տղամարդու
զգեստ տալով առաջարկում է փախչել: Իսկ արյունոտ զգեստը ուղարկում է տիրոջը: Իմոգենան
վերանվանվում է Ֆիդելե («Հավատ») և ճանապարհ է ընկնում: Նա գտնում է իր եղբայրներին՝
Գվիդերիոսին և Արվիրագին, որոնք շատ տարիներ առաջ կորած էին համարվում: Նրանք ապրում
են Ուելսում՝ քարանձավում: Ֆիդելեն հիվանդանում է: Եղբայրները կարծելով, թե նա մեռնում
է, երգում են հուղարկավորության երգը: Սակայն Ֆիդելեն ապաքինվում է և իր կողքին է հայտնաբերում
Կլոտենի գլուխը: Կարծում է, թե դա Պոստումն է, որովհետև նրա վրա Պոստումի հագուստն
է:
Բրիտանիա է ներխուժում հռոմեացիների զորագունդը: Իմոգենան
դարձել է հռոմեացի զորավար Լուկիուսի շքախմբի տղան: Բրիտանացիները հաղթում են գլխավորապես
Ցիմբելինի որդիների և Պոստումի ջանքերի: Վերջինս նույնպես ծպտյալ կռվում է բրիտանացիների
կողմում: Սակայն գերի է ընկնում: Բանտում երազ է տեսնում: Յուպիտերը նրան մարգարեական
խոսքեր է ասում: Այդ ընթացքում Ցիմբելինի գերած Լուկիուսը աղաչում է թագավորին խնայել
իր շքախմբի տղայի՝ Ֆիդելիոյի կյանքը: Ցիմբելինը խնայում է նրան: Այդ ժամանակ Ֆիդելիոն
բռնում է Յակիմոյին և ստիպում բոլորի ներկայությամբ խոստովանել իր սուտը: Պոստումն
իմանում է խոստովանության մասին. որ Իմոգենան հավատարիմ է եղել իրեն, և որ Յակիմոն
խաբել է իրեն: Սակայն ցավում է՝ կարծելով, որ Իմոգենան մեռել է: Սակայն աղջիկը բացահայտում
է իրեն և ներկայացնում է հորը նաև իր եղբայրներին: Պոստումն ասում է Իմոգենային. «Քանի
շնչում եմ, կառչիր ինձնից, ինչպես պտուղը ծառից»:
Ուիլյամ Շեքսպիր | Ցիմբելին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 24, 2016
Rating:
