Րաֆֆի | Կայծեր | համառոտ


Րաֆֆին «Կայծերի» բնաբան է ընտրել Սողոմոնի առակը. «Առանց փայտի կրակը կհանգչի, և թե որ բանսարկու չլինի, կռիվը կդադարի: Ինչպես ածուխը զորություն է տալիս կայծերին ու փայտը կրակին, այնպես էլ կռվասեր մարդը՝ վեճ բորբոքելու համար է»:
Վեպը երկհատոր է: Առաջին հատորի բնաբան է ընտրված Եսայու խոսքը. «Բայց այն Սերովբեներից մեկը թռավ դեպի ինձ, և ձեռքումը կրակի կայծեր կային, որ սեղանի վրայից ունելիքով վեր էր առած և իմ բերանին դիպցնելով, ասաց. ահա այդ քո շրթունքներիդ դիպավ, և քո անօրենություններդ կվերացնե և քո մեղքերը կսրբե քեզանից»:
Գլխավոր հերոսը՝ Ֆարհադը, հենց այս խորհուրդն է գիտակցել քեռու դարբնոցում, երբ տեսել է մուրճի հարվածներից գոյացող կայծերը:
«Կայծերի» հերոսները ծանոթ են ընթերցողին արդեն «Խաչագողի հիշատակարանից»: Հենց այս վեպում Մուրադը անտառի խորհրդավոր տնակում հանդիպել էր իր մանկության ընկերներին՝ Ասլանին, Կարոյին, Սագոյին, որոնց համախմբել էր որսորդ Ավոն: Վերջինս էլ գլխավորում էր գաղտնի ընկերությունը: Հերոսները տարիներ անց հանդիպում են «Կայծեր» վեպում:
Պատմությունը սկսվում է նրանից, որ Պարսկաստանում ուղևորություն կատարող ամերիկացի գիտնական Ֆիշերը որսորդ Ավոյի միջնորդությամբ Ամերիկա է տանում Ասլանին, Կարոյին, Սագոյին, Ռափայելին և ուսման է տալիս նրանց: Կրթություն ստացած երիտասարդները վերադառնում են Հայաստան և հանդիպում են որսորդ Ավոյին:
Մինչև Հայաստան գալը Կարոն և Ռափայելը նախ լինում են Հնդկաստանում: Կարոն այստեղ որոշում է համախմբել արևելյան տարագիր հայերին և Հնդկաստանում ստեղծել ազատ և ինքնուրույն գաղթաշեն: Լինում է Ճավայում և Բիրմայում, այցելում է Կալկաթա, Բաթավիա, Դաքա, Չիչրա, Մադրաս, Բասրա և Բոմբեյ, որտեղ ապրում են սպահանցի հայեր: Նա լինում է նաև Աֆղանստանում, որպեսզի այնտեղից ազատ գաղթաշեն հրավիրի հայ բոշաներին: Այստեղ նա սիրահարվում է սևաչյա աղջկան՝ Ասլիին: Սեր խոստովանելուց հետո և ամուսնության խոստում տալով վերադառնում է Հնդկաստան: Գաղթաշենի հարցերը կարգավորելուց հետո վերադառնում է Աֆղանստան, սակայն իմանում է, որ պարսկա-աֆղանական պատերազմի արդյունքում հայ բոշաները ոչնչացվել են, սիրած աղջիկը պարսից խանի հարեմում է, իսկ պառավ մի կին հազիվ փրկելով նրա երեխային, հասել է Հայաստան: Դա Սուսանն է, որը բերելով փոքրիկ Հյուբիին, թափառում է Հայոց աշխարհում և հետևում Կարոյին՝ ասես հիշեցնելով ամրոցի աղջկան՝ իր սիրեցյալին փրկելու ուխտը: Կարոն վերադառնում է հայրենիք և անդամագրվում որսորդ Ավոյի խմբին: Կարոն իմանում է նաև իր անցյալի մի գաղտնիքը: Այն հայտնում է մահամերձ Զումրուդը՝ իր դայակը: Կարոյի հայրը՝ Միր-Մարտոն, Ղարա-մելիքների տոհմից էր: Նա տիրում էր ողջ Ռշտունյաց գավառին: Սակայն թուրքերի տիրապետության հաստատումից հետո նա զոհ է դառնում քուրդ առաջնորդին: Ողջ գերդաստանը բնաջնջվում է, և ողջ է մնում միայն Կարոն: Նրան մահամերձ հայրը հանձնում է դայակ Զումրուդին: Կարոն որոշում է սրով վերադարձնել կորցրածը: Վեպի մյուս հերոսները նույնպես վրեժի իրենց անձնական պատճառներն ունեն: Որսորդ Ավոն, որ մի ամբողջ գավառի տեր էր, կորցրել է իր իշխանության տարածքները և հանձնել դրանք զավթիչներին: Ֆարհադի հայրը զոհ է դարձել մի թուրքի բարբարոսական կատակին, երբ սա ցանկանալով ստուգել իր դանակի սրությունը, սպանել է նրան:
Վեպը շարադրված է որպես հետահայաց հիշատակարան: Ֆարհադը ընկերների հետ շրջում է հայոց աշխարհում և հաղորդում է տեսածը: Մանկության դրվագները, տեր Թոդիկի դպրոցը, որտեղ վարժապետը պատժում էր երեխաներին ֆալախկայով, այս բոլոր հուշերին հետևում են հերոսների ուղևորության ընթացքում նրանց աչքերին բացվող հայրենի բնության անկրկնելի գեղեցկությունները և շարունակական մտասուզումները ողբերգական պատմության խորքերի մեջ: «Կայծերի» հերոսների առաջ բացվում են պատմության դրվագները, հուշերը Տիգրան Մեծի, Արշակունիների, Բագրատունիների, Արծրունիների թագավորության ժամանակների մասին, հայ ստեղծագործ հանճարի ճառագումները՝ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Խորենացուն, Եղիշեին, Փարպեցուն, Եզնիկին, Դավիթ Անհաղթին, Գրիգոր Նարեկացուն… «Ով իր անցյալը չի մոռանում, ներկայի մասին կարող է հոգալ»:
«Կայծերում» ներկայացվում է նաև հայ եկեղեցու պատմությունը: Հերոսները հանգամանալից քննում են եկեղեցու անցած ուղին: Մի ժամանակ եկեղեցին «ծույլերի բնակարան» չէր, այլ «հոգևոր և մարմնավոր դպրոց»:
Վեպում խորհրդանշականորեն ներկայացված է Խրիմյան Հայրիկը, որը Վարագա վանքի վանահայրն է: Վարագը հանդիսանում է հայ մշակույթի կենդանի օազիս, որտեղ Խրիմյան Հայրիկը պատկերանում է «որպես մեր հինգերորդ դարի աբեղաներից մեկը, որ նոր էր վերադարձել Աթենքից և ցուպը ձեռքին, մի թափառական դերվիշի նման, շրջում էր հայրենի երկրի զանազան կողմերը և տարածում էր լույսն ու գիտությունը, որ իր հետ բերել էր Սոկրատի և Արիստոտելի մայրաքաղաքից»:
Ներկայացնելով պատմական ընթացքը և պատկերացնելով ներկան՝ Րաֆֆին ուրվագծում է նաև ապագան: Տարիներ հետո ստեղծված հանգամանքներում, երբ երկրում քաոսը հասնում է իր բարձրակետին, ամենուր կողոպուտ, սպանդ ու թալան է, «Զեյթունից ապստամբության ձայն էր լսվում, Արզրումի մեջ ինչ-որ դավադրություն են որոնում: Իսկ Կ. Պոլսում զբաղված են 16 և 61 հանելուկային թվերով»: Սան Ստեֆանոյի դաշնագրում և Բեռլինի վեհաժողովում հայկական հարցը նշող այս երկու թվերը Րաֆֆին «Կայծերի» վերջին հատվածում դիտում է որպես իրականացած կարգեր: Ինքնավար Հայաստանը կառավարում է քրիստոնյա նահանգապետը և տարիներ անց արդեն բարեկարգ հայրենիքում նորից հանդիպում են Կարոն, Հյուբին, Սուսանը, Դիմբուլիների ապարանքից ազատված Ասլին, Ասլանը, քավոր Պետրոսը, Մուրադը, Նենեն, Սագոն, որսորդ Ավոն, Ֆարհադը, Մարոն, Արփիարը... 


Րաֆֆի | Կայծեր | համառոտ Րաֆֆի | Կայծեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.