
Մի առավոտ ծեր առնետը գլուխը հանում է իր բնից: Բադը իր ձագերին
սովորեցնում է կանգնել ջրի վրա գլուխները ցած կախած: Առնետը նկատում է, որ ամենալավ
բանը աշխարհում հավատարիմ ընկերն է: Եվ կանեփաճնճղուկը պատմում է հետևյալ պատմությունը:
Ժամանակին ապրում էր Հանս անունով ուրախ երիտասարդը: Նա ուներ
բարի սիրտ և զվարճալի արտաքին: Ուներ այգի, որտեղ ծաղիկներ էր աճեցնում: Նա ուներ շատ
ընկերներ, որոնցից ամենահավատարիմը ջրաղացպան Մեծ Հյուն էր: Ջրաղացպանն այնքան նվիրված
էր Հանսին, որ սրա այգու կողքով անցնելիս միշտ գրպանները լցնում էր մրգերով և սրտի
ուզածի չափ ծաղիկներ էր քաղում: Նա ասում էր, որ ընկերների մոտ ամեն բան պիտի լինի
ընդհանուր: Իսկ Հանսը տետրակի մեջ գրի էր առնում ընկերության տեսությունը: Ջրաղացպանը,
իհարկե, երբեք չհատուցեց իր վերցրածի դիմաց: Ձմռանը նա երբեք չէր այցելում Հանսին՝
ասելով, որ երբ մարդուն դժվար է, նրան պետք է հանգիստ թողնել: Չէր հրավիրում իր տուն՝
ասելով, որ նախանձը կարող է այլասերել մարդուն: Նա Հանսի ընկերն է և պիտի հետևի, որ
Հանսը չենթարկվի գայթակղություններին:
Գալիս է գարունը և ջրաղացպանը գնում է Հանսի մոտ առաջին ծաղիկներից
քաղելու համար: Հանսը ուզում էր վաճառել դրանք և ետ գնել սայլակը, որը վաճառել էր ձմռանը:
Բայց ջրաղացպանը վերցնում է բոլոր ծաղիկները և խոստանում է տալ Հանսին իր սայլակը,
որը, սակայն, կոտրված է: Հանսն ասում է, որ նա կարող է վերանորոգել սայլակը, քանի որ
ունի հարմար տախտակ: Բայց ջրաղացպանը խնդրում է նրան այդ տախտակով վերանորոգել իր կտուրը:
Ջրաղացպանը նաև ուրիշ խնդրանքներով դիմում է Հանսին, այնպես որ սա անգամ չի հասցնում
աշխատել իր այգում:
Մի օր հիվանդանում է ջրաղացպանի երեխան: Պետք էր գնալ բժիշկի
ետևից, իսկ դրսում արդեն գիշեր էր և ուժեղ փոթորիկ էր բարձրացել: Ջրաղացպանը խնդրում
է, որ Հանսը գնա: Բայց անգամ լապտերը չի տալիս՝ բացատրելով, որ այն նոր է և նա վախենում
է, որ Հանսը կվնասի այն: Վերադարձի ճանապարհին Հանսն ընկնում է ճահիճը և խեղդվում է:
Բոլորը գալիս են Հանսի թաղմանը, որովհետև շատ են սիրում նրան: Սակայն բոլորից տխուր
էր ջրաղացպանը: Չէ՞ որ նա գրեթե նվիրել էր Հանսին իր սայլակը և հիմա չգիտի, թե ինչ
է անելու հետը: Տանը շատ տեղ է գրավում: Եվ ոչ ոք այն չի գնի, որովհետև կոտրված է:
Ապագայում նա այդպես անհաշվենկատ չի լինի: Առատաձեռնությունը վնասում է մարդուն:
Առնետը չի հասկանում պատմության իմաստը և հեռանում է: Կանեփաճնճղուկը
ափսոսանքով նկատում է, որ նա պատմեց պատմություն, որը ուներ խրատ: Իսկ բադը ասում է,
որ այդպիսի պատմություններ պատմելը վտանգավոր է:
Տես նաև Սոխակն ու վարդը և Եսասեր հսկան
Օսկար Ուայլդ | Հավատարիմ ընկերը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 27, 2016
Rating:
