Պաուլո Կոելիո | Սուրբ Ծննդյան հեքիաթ


Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:
Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:
Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:
Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:
Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:
Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:
Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:
Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:
Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:
Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:


Պաուլո Կոելիո | Սուրբ Ծննդյան հեքիաթ Պաուլո Կոելիո | Սուրբ Ծննդյան հեքիաթ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:58:00 Rating: 5
Технологии Blogger.