
Պուբլիուս Տերենցիուս Աֆրին (195 – 159 թթ.) մանուկ հասակում
որպես ստրուկ Կարթագենում գնել և Հռոմ է բերել սենատոր Տերենցիուս Լուկանը: Նկատելով
բացառիկ ընդունակությունները՝ տերը նրան ուսման է տալիս և ազատություն շնորհում: Դառնալով
Հռոմի գրական խմբակներից մեկի մասնակից՝ նա օգտվում է հայտնի քաղաքական գործիչ Սկիպիոն
Աֆրիկացու հովանավորությունից: Վերջին տարիներին մեկնում է Հունաստան, սակայն հետադարձ
ճանապարհին ծովում նավը խորտակվում է՝ հետը տանելով նրան և Մենանդրոսի կատակերգությունների
իր թարգմանությունները:
Տերենցիուսի կատակերգությունները պալլիատաներ էին. մեզ հասած
6 կատակերգությունից 4-ը գրված են Մենանդրոսի սյուժեներով: Առավել հայտնի են նրա «Սկեսուր»
և «Եղբայրներ» կատակերգությունները:
«Սկեսուրի» սյուժեն նույնությամբ կրկնում է Մենանդրոսի «Միջնորդ
դատարանը»: Այստեղ նույնպես գլխավոր հերոս Պամփիլոսը կնության է առնում Ֆիլումենային,
որին 9 ամիս առաջ հարբած ժամանակ բռնաբարել է, բայց ի տարբերություն հունական տարբերակի,
նաև գողացել էր աղջկա մատանին: Հետաքրքիր է սկեսուրի կերպարը, որը, չիմանալով հարսի
տնից գնալու պատճառը, իրեն է մեղադրում և անգամ պատրաստակամություն հայտնում երիտասարդների
երջանկության համար հեռանալ քաղաքից: Կատակերգության ավարտը բնականաբար բարեհաջող է.
ազնիվ հետերան հայտնում է, որ Պամփիլոսի իրեն նվիրած մատանին պատկանում է Ֆիլումենային,
ճշմարտությունը բացահայտվում է, երջանիկ Պամփիլոսը ընդունում է կնոջն ու նորածին երեխային,
շնորհակալություն է հայտնում հետերային, սակայն նրա ազատության համար փրկանք չի վճարում:
«Եղբայրներ» կատակերգության մեջ քննվում է դաստիարակության
հարցը: Դեմեա և Միկիոն եղբայրները դավանում են տարբեր սկզբունքներ՝ Միկիոնը, որը, չունենալով
զավակ, որդեգրում է եղբոր որդիներից մեկին, ազատամիտ քաղաքացի է և քանի որ դաստիարակվել
է հունական ոգով ու հարում է էպիկուրյան փիլիսոփայությանը, որդուն դաստիարակում է վստահության
և ազատության սկզբունքներով: Դեմեան, որ ներկայացնում է գյուղական մտածելակերպ, իր
որդուն դաստիարակում է խստության և վախի մթնոլորտում: Միկիոնի որդի Էսքինոսը սիրահարվում
է աղքատ մի աղջկա և ստանում է ամուսնանալու հոր համաձայնությունը: Պարզվում է, սակայն,
որ նա առևանգել է մի ուրիշ աղջկա: Բարձրացած աղմուկը ստիպում է Էսքինոսին խոստովանել,
որ հանցանքը կատարել է հանուն եղբոր, որը հորից վախենալով չէր կարող հանդիպել սիրած
աղջկան: Տեսնելով իր սկզբունքների տապալումը, Դեմեան զղջում է իր արարքների համար:
Ի տարբերություն Պլավտուսի Տերեցիուսը իր պիեսներում չի օգտագործում
ակրոբատիկա, բուֆոնադ, զավեշտական իրադրություններ, կոմիկական կերպարներ, գռեհկաբանություն:
Դերասանները չեն դիմում հանդիսատեսին: Հեղինակի կյանքի օրոք նրա գործերը ժողովրդականություն
չեն վայելել: Հուլիոս Կեսարը կոչել է նրան «կիսամենանդրոս»: 17-րդ դարում Մոլիերը օգտագործել
է «Ֆորմիոնը» և «Եղբայրները» իր «Սկապենի խարդախությունները» և «Ամուսինների դպրոց»
կատակերգություններ համար, իսկ 18-րդ դարում Տերենցիուսի կատակերգությունները օրինակ
են ծառայել «լալկան» կատակերգության և «քաղքենիական» դրամայի հեղինակների համար:
Տես նաև Պլավտուս Կյանքը և գործը, Արիստոփանես Ամպեր և Լուկիանոս
Կյանքը և գործը
Տերենցիուս | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 18, 2017
Rating:
