Մարտիրոս Ղրիմեցի | Կյանքը և գործը


Զարթոնքի շրջանի հայ գրականության ակնառու ներկայացուցիչ է Մարտիրոս Ղրիմեցին (Կաֆացի,Թաթար, վախճ. 1683): Ծնվել է շուրջ 1620 թվականին Կաֆայում: Կրթվել է Թոխաթում և Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում՝ աշակերտելով ժամանակի նշանավոր կրթական գործիչներ Ստեփանոս Թոխաթցուն և Աստվածատուր Տարոնեցուն: Վերջինից ստանալով վարդապետական գավազան՝ վարել է եկեղեցական բարձր պաշտոններ. եղել է Պոլսի և Երուսաղեմի պատրիարք, Ղրիմի հայոց առաջնորդ: Բավական մեծ ու ազգօգուտ դեր է կատարել թուրքահայ և ղրիմահայ թեմի սոցիալ-քաղաքական ու մշակութային-գաղափարական կյանքում: Ծավալել է մանկավարժական-քարոզչական արդյունավետ գործունեություն, զբաղվել է գրչությամբ ու գրահավաքչությամբ, բարեկարգել է հայկական եկեղեցիները, պայքարել կաթոլիկացման դեմ: Հիմնականում նրա գործադրած կտրուկ միջոցներով է խափանվել Եղիազար Այնթափցու ծրագիրը՝ ստեղծել Էջմիածնից անկախ և անջատ արևմտահայոց կաթողիկոսություն: Զբաղվել է նաև գրական աշխատանքով՝ թողնելով բավական ծավալուն հոգևոր ժառանգություն:
Որպես բանաստեղծ՝ Ղրիմեցին իր նախորդի՝ Ներսես Մոկացու համեմատ ունեցել է շատ ավելի լայն հետաքրքրություններ և առավել ազատ, անկաշկանդ միտք: Առաջին հերթին նա ներկայանում է մեզ որպես կրոնահայրենասիրական բանաստեղծության խոշոր ներկայացուցիչ:
Մարտիրոս Ղրիմեցու պատմաքաղաքական երկերից է «Ողբ Երեմիա մարգարէին» եղերերգությունը, որն աստվածաշնչյան Երեմիա մարգարեի հայտնի ողբի մի յուրօրինակ գրական մշակումն է: Ինչպես Ներսես Մոկացին, Մարտիրոս Ղրիմեցին էլ, ի դեմս ավերվող Երուսաղեմի, այլաբանորեն ցուցադրում է իր ժամանակի Հայաստանի պատկերը: Ուշագրավ է, որ բանաստեղծն իր «Պատմութիւն Ղրիմայ յերկրի» ստեղծագործության մեջ, նկարագրելով թաթարների կողմից Կաֆայի ավերումն ու ղրիմահայության ծանր վիճակը, ասել է.

Արդ՝ մեզ պիտոյանայ մեծն Երեմիայն
Ողբալ զթշուառութիւնս հանգոյն նախնական 

Եվ ահա, չափաբերելով Երեմիայի ողբը, նա աստվածաշնչյան մարգարեի բառերով, սակայն իր՝ հայ բանաստեղծի ոգով ու զգացմունքով ողբում է իր տարաբախտ հայրենիքը: Աստվածաշնչյան ողբի համեմատ Ղրիմեցու երկն ունի առավել սուր շեշտեր և առավել մարտական ու լավատեսական բնույթ: Այդպիսին է նաև Ղրիմեցու «Կարգ և թիւ թագաւորաց ազգիս Հայոց» պատմագեղարվեստական երկը (1672): Այստեղ հայ և օտար պատմագիրների հաղորդած տվյալների հիման վրա շարադրված է հայկական պետականության պատմությունը, սկզբից մինչև Կիլիկյան թագավորության անկումը, որից հետո, ինչպես դառնորեն արձանագրում է բանաստեղծը.

Արքայք և պետք մեր ըսպառին,
Իշխանազունք միջոյ բառնին:

Ոգեկոչելով հայ ժողովրդի փառավոր անցյալը՝ Ղրիմեցին նպատակ է ունեցել իր ժամանակակիցների մեջ բորբոքել ազգային արժանապատվության զգացումը, բարձրացնել նրանց ազգային ինքնագիտակցությունը, վարակել հայրենասիրությամբ և առաջ քաշել անկախ պետականության գաղափարը: Այս երկն, իրոք, ժամանակին եղել է «անվրէպ օրինակ», հայոց պատմության և հայրենասիրության գեղեցիկ ուսուցարան:
Պատմաքաղաքական բանաստեղծության ուշագրավ նմուշ է նաև Մարտիրոս Ղրիմեցու վերոհիշյալ «Պատմութիւն Ղրիմայ յերկրի» երկը (1672): Այստեղ, շարադրելով իր ծննդավայր Ղրիմի քաղաքական պատմությունը, բանաստեղծը հիմնականում անդրադառնում է տեղի հայկական գաղթօջախին: Այս անգամ էլ նա դառնորեն արձանագրում է հայկական պետականության անկման և հայության տարագրման տխուր իրողությունը և, որպես թախծոտ բայց և ոգեշնչող վերհուշ, հիշում է կործանված քաղաքամայր Անին: Անիի կործանումից հետո (1331) բազում հայեր հաստատվում են Ղրիմում՝ շենացնելով այն, լցնելով հոյակապ կառույցներով, վայելչագեղ տաճարներով ու ամրոցներով՝ «եռակ պարսպեան»:  Դարեր շարունակ համախմբված մարտնչելով ընդդեմ «այլասեռ թշնամեաց», հայերը գոյատևում են Ղրիմում՝ պահպանելով իրենց ազգային ու կրոնական անկախությունը:
Ղրիմեցին հեղինակել է ոչ միայն ներբողական, այլ նաև պարսավական տաղեր՝ ուղղված Ահյոլ և Բուրգաս (Պուրղազ) քաղաքներին, որոնք անհյուրընկալ և անողորմ են եղել այնտեղ գաղթած հայերի հանդեպ: Այդ երկու քաղաքների բնակիչներն էլ, բանաստեղծի բնութագրմամբ, «չար և դժնդակ» են, «անգութ և օտարատեաց» և չունեն «բարութեան նշան»:
Ղրիմեցու ստեղծագործության մեջ առանձնանում է նաև «Արբանեակ չարին» սկսվածքով այբբենաշար անեծքը: Հնգավանկ հատու տողերով ասված այս անեծքների շարքն ուղղված է բոլոր նրանց, ովքեր շեղվել են լուսավորչական ճշմարիտ դավանանքից և ընդունել կաթոլիկություն, դարձել «բողբոջ Նեստորին»:
Մարտիրոս Ղրիմեցին հեղինակել է նաև մի քանի երգիծական տաղեր, որոնց մեջ ծաղրել ու պարսավել է ժամանակի հոգևորականության արատները, խարազանել ժողովրդի գլխին պատուհաս դարձած և նրա առաջընթացն արգելակող հոգևոր հովիվներին: Դրանցից մեկն է Հակոբ երեց Էտրնեցին, որը քահանա է դարձել «ոչ ըստ իւրոյն արժանութեան, այլ ըստ բերման ժամանակի»: Ուշագրավ է, որ իր կոչմանն անարժան հոգևոր հովիվը համեմատվում է հայ ժողովրդի ամենամեծ առասպելական թշնամու՝ Բելի հետ:
Չար ու ընչաքաղց հոգևորականի մեկ այլ կենդանի կերպար է ստեղծել Ղրիմեցին իր մյուս տաղում, ի դեմս Սոֆիացի տեր Հունանի: Սրա թե´ էությունը, թե´ արտաքինն է դիվային:
Երեսպաշտ Տարտյուֆի հայկական տարբերակն է Ղրիմեցու նկարագրած Դավիթ երեցը, որը բարեպաշտի դիմակ հագած, գռփում է մարդկանց: Տաղը գրված է բավական աշխույժ ու սուր լեզվով, երբեմն սարկաստիկ պատկերներով, որոնց շնորհիվ երգիծաբան-բանաստեղծը անխնա ծաղր ու ծանակի է ենթարկում խարդախ ու կաշառակեր քահանային:
Մյուս տաղերում, հանձինս տեր Սիմեոնի և Սիլիստերցի Հակոբ երեցի, Ղրիմեցին ծաղրում է քահանաների որկրամոլությունն ու ագահությունը՝ նշելով, թե «Ագահն չէ աստուածապաշտ» և «Որկրամոլն է չար տզրուկ»:
Մարտիրոս Ղրիմեցու ստեղծագործական սկզբունքներից է եղել «Զվատթարն չար ասել», «Եւ գեղեցկաց տալ գովասան»: Ուստի և նա մի կողմից պարսավել ու երգիծել է արատավոր քահանաներին, մյուս կողմից գովերգել ու մեծարել սրբակենցաղ ու հայրենանվեր եկեղեցականներին: Դրանցից մեկն է բանաստեղծի ուսուցիչ Աստվածատուր Տարոնեցին, որի մահվան առթիվ նա գրել է մեկական ողբ և տաղ:
Ղրիմեցին ուսուցողական նպատակով չափածոյի է վերածել հին և նոր կտակարանների պատմությունը և ամբողջ Հայսմավուրքը:

Տես նաև Ղազար Փարպեցի Հայոց պատմություն, Սեբեոս Պատմություն և Ներսես Շնորհալի Եդեսիայի ողբը
Մարտիրոս Ղրիմեցի | Կյանքը և գործը Մարտիրոս Ղրիմեցի | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 26, 2018 Rating: 5
Технологии Blogger.