Ուոլթ Ուիթմեն | Խոտի տերևներ | համառոտ


«Խոտի տերևներ» ժողովածուի առաջին հրատարակությունը պատրաստել է ինքը հեղինակը 1955 թ.՝ տպագրելով այն իր հաշվին և անանուն: Գիրքը բաղկացած էր տասներկու բանաստեղծությունից և պոեմից, որոնք չունեին վերնագրեր. կազմը ուներ կանաչ գույն: Հետագայում Ուիթմենը անդադար ավելացրել է ժողովածուին նոր բանաստեղծություններ՝ անփոփոխ թողնելով խորհրդանշական վերնագիրը: Երրորդ հրատարակությունը (1860) արդեն հաշվում էր շուրջ հարյուր բանաստեղծություն: Վերջին հրատարակությունը (1891) համարվում է «մահվան մահճի» հրատարակություն:
Եվ այսպես «Խոտի տերևներ» ժողովածուն գրվել է շուրջ քառասուն տարի:
Ժողովածուն ընկալվում է որպես մեկ ամբողջական ստեղծագործություն, որն ունի ինքնատիպ կառուցվածք և բաղկացած է շարքերից: Համարվում է, որ գրքի թեման ինքը Ուոլթ Ուիթմենն է («Կամերադո, նա ով դիպչում է այս գրքին, դիպչում է ինձ»), սյուժեն է մարդը և Տիեզերքը, իսկ գաղափարն է մարդու հավերժական և անխուսափելի հաղթանակումը:
Ուիթմենը խոսում է համաշխարհային դեմոկրատիայի, ժողովուրդների, աշխատանքի մարդկանց եղբայրության, գիտության և տեխնիկայի առաջընթացի, մարմնի, հոգու, կյանքի ու մահվան, մարդու և բնության, տղամարդկանց և կանանց, Ամերիկայի և ամերիկացիների, պատերազմի և խաղաղության, պոետների և պոեզիայի մասին:
Այս պոեզիան երգում է մարդու նախնական և խորքային կապը բնության հետ և տիեզերական Համայնի փոխկապակցվածությունը: Ուիթմենը մտադիր էր ստեղծել ազգային էպոս, որը կտար իրականության սպառիչ պատկեր: Նրա քնարական Ես-ը պրոյեկտված է մյուս մարդկանց, երկրների և Տիեզերքի վրա:
Հատուկ տեղ է գրավում գրքում Ամերիկայի համահավաք պատկերը: Բանաստեղծը նախաշոշափում է «ամերիկյան երազանքի» գաղափարը, ներուժավորում է հավատը դրա նկատմամբ և ինքը հավատում է Ամերիկայի բացառիկ պատմական առաքելությանը:
Քրեստոմատիական են համարվում նախագահ Աբրահամ Լինկոլնին նվիրված բանաստեղծությունները, ով բանաստեղծի համար դեմոկրատիայի խորհրդանիշ էր:
«Խոտի տերևներ» ժողովածուն համարվում է նորարարական: Բանաստեղծություններն արդեն արտաքուստ ոչ մի ընդհանուր բան չունեին ավանդական բանաստեղծության հետ: Ուիթմենը ազատ է վարվում ձևի, հանգի և ռիթմի հետ:
Ազատ բանաստեղծությունը (վերլիբր) զարմացնում էր ժամանակակիցներին, սակայն հենց այդ ազատ ոճն էլ հետագայում ազդակ է դառնում բանաստեղծության նոր ձևերի և պոեզիայում ազատ էքսպերիմենտի հնարավորության համար:
Ուոլթ Ուիթմենի բանաստեղծական տիեզերքում հաղթում է ներդաշնակությունը և բնականությունը: Նրա պատկերները պարզ են, սակայն բազմաշերտ: Անձը և ողջ աշխարհը միահյուսվում են: Այսպես, «Իմ մասին» պոեմը հեղինակը նվիրում է ոչ թե ինքն իրեն, այլ ողջ մարդկությանը:

Որովհետև յուրաքանչյուր ատոմ, որ իմն է, պատկանում է նաև ձեզ:

Կյանքի, մահվան և տիեզերական միասնության հարցերը Ուիթմենի մոտ չունեն փիլիսոփայական վերացականություն և կաղապարվածություն, թեպետ դրանք խորապես փիլիսոփայական են. նա նայում է աշխարհին, ինչպես մանուկը («Կար մի մանուկ, որ աճում էր»):
Եթե անգլիական ռոմանտիզմի շրջանակներում՝ ի դեմս Ուիլյամ Բլեյքի կամ Ջոն Քիթսի վսեմ կերպարը կառուցվում է իրականության հետ հակադրության մեջ, ապա Ուիթմենի բանաստեղծություններում այդպիսի կերպարը զարգանում է ներսից. «Հողը զգում եմ մարմնիս շնորհիվ, իսկ մարմինս՝ հողի»:
«Խոտի տերևներ» ժողովածուն ոգեշնչում է հատկապես 20 –րդ դարի բանաստեղծներին՝ Էզրա Փաունդին, Ալեն Գինզբերգին, Ռոբերտ Ֆրոստին: Հայտնի է, որ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը թարգմանել է Ուիթմենի «Եվրոպա» բանաստեղծությունը: 

Տես նաև Էդգար Պո Ագռավը, Հենրի Լոնգֆելո Հայավաթի երգը և Թոմաս Ս. Էլիոթ Մեռյալ երկիր

Ուոլթ Ուիթմեն | Խոտի տերևներ | համառոտ Ուոլթ Ուիթմեն | Խոտի տերևներ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 01, 2015 Rating: 5
Технологии Blogger.