
Ժամանակակից լեզվաբանությունը իր զարգացման հիմնական գծերով
պարտական է Ֆերդինանդ դը Սոսյուրին (1857-1913): Նրա «Ընդհանուր լեզվաբանության դասընթացը»
ազդել է սոցիալեզվաբաններ Մեյեի և Սոմերֆելդի, ոճաբան Բեյլի, ինտուիցիոնալիստներ Դեվոտոյի
և Նոնչիենոյի, Պրահայի ստրուկտուրալիստներ Կարցեվսկու, Տրուբեցկոյի, փիլիսոփաներ Մերլո-Պոնտիի,
Լևի Ստրոսի, Ռոլան Բարտի, Ժակ Լականի և Միշել Ֆուկոյի վրա:
«Ընդհանուր լեզվաբանության դասընթացը» (1916) նախ սահմանում
է նշանաբանության հասկացությունը: Սա գիտություն է, որն ուսումնասիրում է նշանների
կյանքը հասարակական կյանքի ներսում: Ասելով նշաններ՝ Սոսյուրը հասկանում է ոչ միայն
լեզվաբանական միավորները, այլև սիմվոլիկ ծեսերը, խուլ ու համրերի այբուբենը, բարեկրթության
բանաձևերը, զինվորական պատվի նշանները, նորաձևությունը և այլն: Այս իմաստով խոսքային
ակտը նշանագիտական համակարգերից մեկն է: Հակառակ ավանդական մոտեցման (օրինակ Պլատոնի),
ըստ որի նշանը կապում է անունը և իրը, Սոսյուրը գտնում է, որ նշանը ցույց է տալիս հասկացության
և ակուստիկական (լսողական) պատկերի կապը: Նշանն ունի նշանակիչ և նշանակյալ: Լեզուն
համեմատելի է թերթի հետ: Դիմային կողմում է միտքը, իսկ մյուս կողմում՝ ձայնը: Հնարավոր
չէ կտրել ֆիգուր՝ անջատելով դիմային կողմը հակառակ երեսից: Այսպիսով, նշանը կապում
է երկու կողմերը:
Նշանն ունի երկու հատկություն: Նշանակիչը կամայական ու գծային
է: Նշանակյալը և նշանակիչի կապը կամայական է: Որևէ բառի հնչյունները պարտադիր այս կամ
այն գաղափարի հետ կապելու անհրաժեշտություն գոյություն չունի: Ինչ վերաբերում է նշանակիչի
գծային բնույթին, ապա այն տարաձիգ է և այդ տարաձգությունը ունի գծային որակ:
Սոսյուրի տեսության հիմքում լեզվի և խոսքի հակադրությունն
է: Սա առաջին ճշմարտությունն է: Հարկ է յուրացնել, որ լեզուն խոսքը չէ: Խոսքը խոսելու
համընդհանուր ունակությունն է: Լեզուն խոսելու ունակության սոցիալական արգասիքն է:
Լեզուն անհատի հարաբերությամբ արտաքին և ավելի բարձր փաստ է: Մարդը ստիպված է սովորել
լեզուն:
Որպես սոցիալական փաստ և նշանների համակարգ, որն օգտագործում
է մարդը, լեզուն տարբերվում է խոսքային դրսևորումից: Բաժանելով իրարից լեզուն և խոսքը՝
Սոսյուրը բաժանում է հասարակականը և անհատականը: Լեզվի էվոլյուցիայի բոլոր արմատները
անհատական ոլորտում են: Սակայն ցանկացած նորաբանություն նախապես ենթագիտակցաբար համեմատվում
է լեզվի նյութի, նրա շարակարգային հարաբերությունների հետ:
Բացի լեզվի և խոսքի հակադրությունից Սոսյուրը ներմուծում
է համաժամանակայնության և տարժամանակայնության հակադրությունը: Լեզվի գիտական ճանաչողությունը
պահանջում է պատմական մոտեցում: Սոսյուրը առաջ է գնում և պնդում է, որ լեզվաբանությունը
ուսումնասիրում է լեզուն որպես համակարգ՝ առանց նկատի ունենալու պատմական փոփոխությունները:
Լեզվաբանին կարող են հետաքրքրել միայն տրամաբանական և հոգեբանական լեզվական հարաբերությունները,
որոնք ընդունված են կոլեկտիվ գիտակցության կողմից: Տարժամանակային լեզվաբանությունը գործ ունի փոփոխությունների հետ, որոնք չեն ճանաչում
համակարգ:
Տարժամանակայնությունը և համաժամանակայնությունը նշում են
լեզվի կարգավիճակը և էվոլյուցիոն փուլերի համակարգը: Ահա ինչու մեկը չի բացառում մյուսը:
Սակայն համաժամանականությունը տարժամանակայնության հարաբերությամբ դոմինանտ է, քանզի
խոսող մարդկանց համար այսօրվա լեզուն միակ իրականությունն է: Համաժամանակային լեզվաբանությունը
ստատիկ լեզվաբանություն է:
Ինչպես և խաղի դեպքում լեզվի համար կարևորը իր ներքին խաղի
քերականությունն է, այսինքն՝ լեզվական նշանների միջև փոխհարաբերությունների համակարգը:
Տես նաև Հայնրիխ Հյուբշման, Վիլհելմ Հումբոլդտ և Նոամ Խոմսկի
Ֆերդինանդ դը Սոսյուր | Լեզվաբանության ընդհանուր դասընթաց | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 28, 2015
Rating:
