Ալեքսանդր Դյումա | Կոմս Մոնտե Քրիստո | համառոտ


Մարսել քաղաքի մի նավաստի, որի անունն է Էդմոն Դանտես, Էլբա կղզի հասնելով, մարշալ Բերտրանից ստանում է նամակ, որը պիտի հասցնի Փարիզ: Նամակը տեղ հասցնելով` նա կատարում է մինչ այդ վախճանված նավապետի վերջին կամքը:
«Մորել» նավի տերը ուզում է Դանտեսին նավապետ դարձնել: Հերոսը մտադիր է ամուսնանալ Մերսեդես անունով օրիորդի հետ: Սակայն Մերսեդեսի հետ մտադիր է ամուսնանալ նաև աղջկա զարմիկը՝ Ֆերնանը, իսկ «Փարավոն» նավի հաշվապահ Դանգլարը վախենում է իր տեղի համար, քանի որ Դանտեսը կասկածում է նրան մեքենայությունների մեջ: Դանգլարը, Ֆերնանը և նախանձ դերձակ Կադրուսը որոշում են դավ նյութել Դանտեսի դեմ և անանուն նամակ են ուղարկում թագավորական դատախազին, որում Դանտեսը մեղադրվում է որպես բոնապարտիստական լրտես: Դանտեսին ձերբակալում են հենց նշանադրության  արարողության ժամանակ: Նրան բերում են դատախազի օգնական Վիլֆորի մոտ, որն ուզում է ազնվորեն վարել գործը և մտադիր է բաց թողնել Դանտեսին, սակայն իմանում է, որ նամակը, որը նավաստին հասցրել է Փարիզ, հասցեագրված է իր բոնապարտիստ հորը, ինչը հրապարակային աղմուկ ստանալու դեպքում կարող է խանգարել իր կարիերային: Որոշում է զոհաբերել Դանտեսին: Նամակն այրում է, իսկ Դանտեսին ուղարկում Իֆ ամրոց:
Բանտում մի քանի տարի անցկացնելուց հետո Դանտեսն արդեն մտադիր է ինքնասպան լինել, երբ հանկարծ ծանոթանում է բանտարկյալ աբբա Ֆարիայի հետ: Սրան համարում են խելագար, որովհետև անվերջ խոսում է ինչ-որ առեղծվածային գանձերի մասին, որոնց տեղը հայտնի է միայն իրեն: Նա անվերջ պատրաստվում է փախուստի: Կարողանում է համոզել Դանտեսին միանալ իրեն: Լսելով Դանտեսի պատմությունը՝ Ֆարիան հասկանում է, ովքեր են կանգնած երիտասարդի դժբախտությունների հետևում: Դանտեսը երդվում է վրեժ լուծել նրանցից:
Երբ փախուստի համար ամեն բան պատրաստ է, Ֆարիան կաթված է ստանում և չի կարողանում փախչել: Դանտեսը մնում է նրա հետ: Աբբան սովորեցնում է նրան տարբեր գիտություններ և լեզուներ: Բացի այդ պատմում է նրան Մոնտե Քրիստո կղզում պահվող գանձերի մասին: Հերթական նոպայից աբբան մահանում է: Նրա մարմինը ըստ սովորության պիտի կարեն պարկի մեջ և նետեն ծովը: Պարկի մեջ հաջողվում է թաքնվել Դանտեսին և նա ծերունու փոխարեն հայտնվելով ծովում, կարողանում է փախչել: Իրեն ծովում հանդիպած մաքսանենգների հետ հայտնվում է Մոնտե Քրիստո կղզում, որտեղ հիվանդ ձևանալով, խնդրում է թողնել իրեն և վերցնել հաջորդ այցի ժամանակ: Գտնում է գանձերը:
Դառնալով հարուստ՝ չի մոռանում իրեն բարիք գործածներին: Ասելով, որ ժառանգություն է ստացել, վարձատրում է մաքսանենգներին: Հետո փորձում է պարզել, թե ինչ է եղել իր հոր, հարսնացուի, ընկերների և թշնամիների հետ: Հոգևորականի տեսքով այցելում է Կադրուսին, որը ամեն բան պատմում է նրան: Հայրը մահացել է սովից: Մերսեդեսը ամուսնացել է Ֆերնանի հետ, իսկ Դանգլարը միլիոնատեր բանկիր է: Մարսելում Դանտեսն իմանում է, որ իր բարեկամ Մորելը գրեթե սնանկացած է: Դանտեսը իր վրա է վերցնում Մորելի պարտամուրհակների վճարման գործը: Հիմա վրեժի ժամանակն է:
Անցնում է 9 տարի: Էդմոն Դանտեսին փոխարինում է խորհրդավոր կոմս Մոնտե Քրիստոն: Դա Դանտեսի միակ կերպարը չէ: Ոմանց նա հայտնի է նաև որպես լորդ Ուիլմոր, իսկ ուրիշներին՝ որպես աբբա Բուզոնի: իսկ իտալացի մաքսանենգները ճանաչում են նրան որպես Սինդբադ ծովագնաց: Նա տիրապետում է մի շարք գիտությունների, գիտի լեզուներ, կարողանում է օգտագործել մարդկանց և ունի ստորգետնյա դղյակ Մոնտե Քրիստո կղզում:
Կոմս Մոնտե Քրիստոյի անվան տակ նա մուտք է գործում Փարիզի բարձր հասարակություն: Նրա ծառան է համր աֆրիկացի Ալին, իսկ նրա գործերը վարում է նախկին մաքսանենգ Բերտուչոն, որն իր հաշիվներն ունի Վիլֆորի հետ: Վերջինս դարձել է Փարիզի թագավորական դատախազ: Կոմսի հետ է նաև հարճ Հայդեն, որի հանդեպ սկզբում պահում է իրեն ասես դստեր հետ: Դա Ֆերնանի կողմից դավաճանաբար սպանված Ալի Թաբելին փաշայի դուստրն է:
Դանտեսը գտնում է, որ մահը բավարար պատիժ չէ իր թշնամիների համար: Նա գործում է ծածուկ և հարվածներ է հասցնում՝ հետևողականորեն իրագործելով ծրագիրը: Ամոթի ու ծաղրի ենթարկված Ֆերնանին թողնում են կինը և որդին: Վիլֆորը կորցնում է իր ողջ ընտանիքը և խելագարվում է: Դանգլարը սնանկանում է և ստիպված է լինում փախչել Իտալիա: Այստեղ նրան գերում են ավազակները, որոնք ենթարկվում են Մոնտե Քրիստոյին: Խլում են հսկայական ունեցվածքի խղճուկ մնացորդները: Սակայն կոմսն արդեն հոգնել է վրեժից : Նա նաև գիտակցում է, որ վրեժ լուծելով մեղավորներից, նա վնաս է հասցնում նաև շատ անմեղ մարդկանց: Ազատ է արձակում Դանգլարին:
Վեպի վերջում Մոնտե Քրիստոն Հայդեի հետ նավով հեռանում է անհայտ ուղղությամբ՝ թողնելով իր կղզին Մորելի որդուն և նրա հարսնացուին՝ Վիլֆորի դստերը:     

Ալեքսանդր Դյումա | Կոմս Մոնտե Քրիստո | համառոտ Ալեքսանդր Դյումա | Կոմս Մոնտե Քրիստո | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:10:00 Rating: 5
Технологии Blogger.