
Հնագույն իրանական ժողովուրդների բանաստեղծական ժառանգությունը
ամփոփված է «Ավեստայում», մի ժողովածու, ուր կանոնիզացիայի են ենթարկվել դիցաբանական-կրոնական
հիմները, աղոթքները, առասպելները և այլն: Ավեստա՝ նշանակում է «գիտելիք», «իմացություն»:
Հին հնդկական «Ռիգվեդան» և իրանական «Ավեստան» ստեղծվել են հնդիրանական ցեղերի բաժանման
ժամանակներում՝ Ք. ա. 7-րդ դարում:
«Ավեստան» հաճախ կոչվում է «Զրադաշտականության հանրագիտարան»:
Այն վերագրվում է Հին Արևելքի ամենախորհրդավոր և առեղծվածային-առասպելական դեմքերից
մեկին՝ Զրադաշտին, որը, ըստ երևույթին, ապրել է Ք. ա. 7-6-րդ դարերում և ստեղծել զրադաշտականությունը:
«Ավեստան» ընդգրկում է մի շարք տեքստեր, որոնք կազմում են
տարբեր բաժիններ՝ կապված նրանց ընդհանուր ֆունկցիոնալ նշանակության հետ: Առաջինը կոչվում
է «Յասնա» (պաշտել), ուր հավաքված են պատարագային տեքստերը: Այստեղ են Զրադաշտի քարոզները,
բանաստեղծական խոհերը, որոնք կոչվում են գաթհաներ: Երկրորդ բաժինը «Յաշտաներն» («Զոհերի
գիրք») են: Այս բաժինը կապված է զոհաբերությունների հետ: Երրորդ բաժինը, որ կոչվում
«Վենդիդատ» (կոդեքս ընդդեմ դևերի), պարունակում է մոգական տեքստեր, ծիսական կանոններ,
հմայանքներ, իհարկե, դիմելով Ահուրա-Մազդայի պարգևած ճշմարտության կրակին: Թեպետ Զրադաշտը
քարոզում է Ահուրա-Մազդայի մեկ միասնական աստվածության գաղափարը, նրա ուսոմունքը կառուցված
է դուալիստական երկվության վրա: Նա բաժանում է տիեզերքը երկու հակադիր ուժերի միջև՝
Բարու և Չարի, որոնցից առաջինը բնակվում է լույսի մեջ, իսկ երկրորդը՝ խավարի: Տիեզերական
այս հակամարտությունը զրադաշտականության կենտրոնական դրաման է: Ահուրա-Մազդան իրենից
արտաբխող սուրբ հոգիների միջոցով պիտի դիմագրավի Ահրիմանի հարձակումներին, որին տվել
է 3000 տարվա իշխանություն: Բարու հակամարտությունը ունի սոսկ պաշտպանական բնույթ և
դրանով էլ, Զրադաշտի և նրա առաքյալների կարծիքով, պայմանավորված է Բարու վերջնական
հաղթանակը: Սա հիշեցնում է հին հույն փիլիսոփա Էմպեդոկլեսի կարծիքը տիեզերական երկու
հակադիր ուժերի՝ Սիրո և Ատելության պայքարի մասին, որը հնարավոր է դարձնում ամեն միասնություն:
Մեկ ուրիշ հույն փիլիսոփա, որն ապրել է Զրադաշտի հետ նույն ժամանակներում, Հերակլիտոսը,
երաժշտական ներդաշնակությունը բացատրում էր որպես միմյանց հակադիր հնչյունների միասնություն:
Սասանյանների զրադաշտականության ուշագրավ աղբուրներից մեկը,
բուն իրանական աղբյուրներին զուգահեռ, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» գիրքն է, որ գրված
է հունական կողմնորոշում ունեցող քրիստոնյա մտածողի կողմից:
Տես նաև Ռիգվեդա, Ուպանիշադներ և Շահնամե
Ավեստա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 30, 2015
Rating:
