Զիգմունդ Ֆրոյդ | Երեք տրակտատ սեռականության տեսության վերաբերյալ | համառոտ


Մեծահասակ մարդու սեռականությունը չի գոյանում անբացատրելիորեն, ասես մեկ օրում: Այն անցնում է զարգացման երկար ու բարդ ճանապարհ: Զարգացման ընթացքը կարելի է ուսումնասիրել երեխաների օրինակի վրա կամ այն մեծահասակների, որոնց մոտ սեռական զարգացումը ինչ-ինչ պատճառնելով կանգ է առել: Զարգացման այդ բարդ ճանապարհը, որի վրա ուշադրություն է հրավիրում Ֆրոյդը, թույլ է տալիս այլ կերպ հասկանալ և գնահատել մարդու սեռական կյանքի այն երևույթները, որոնք ուրիշ մոտեցմամբ բնորոշվում են որպես դեգեներատիվ:
Ինքնաէրոտիզմը և սերը օբյեկտի նկատմամբ սեռական զարգացման տարբեր փուլեր են: Մանկության շրջանում սեռական հակումը համակենտրոնացած չէ: Այն ասես ցրված է: Այդպիսին է այն նաև մեծահասակ մարդկանց մոտ, ովքեր չեն ապրել զարգացման ընթացքի ավարտ: Նրանք շարունակում են մնալ ինքնաէրոտիկ փուլում: Զարգացման սկզբում առաջին պլան է դուրս գալիս օրալ էրոտիկան (կանիբալային փուլ): Մյուս փուլում, որը կոչվում է պրեգենիտալ, գերակշռում է սադիզմը և անալային էրոտիկան: Միայն զարգացման վերջին փուլում է գերակայություն ստանում գենիտալային գոտին:
Ֆրոյդի առաջարկած մոտեցումը հերքում է խիստ կենսաբանական դետերմինիզմը: Ֆրոյդը փորձում է գտնել անհատական սեռական վարքի և մշակութային նորմերի  միջև եղած կապը և փորձում է հասկանալ այնպիսի տաբուների ներքին տրամաբանությունը, ինչպիսիք են ինցեստի արգելքը կամ կուսության պահպանումը: Բազմաթիվ սեռական շեղումների հիմքում ըստ էության գործում են սոցիալական պատճառներ: Իր սեռական տեսությունը հեղինակը հաստատում է ոչ միայն կլինիկական դիտարկումներով, այլև հայտնի մարդկանց կենսագրական տվյալներով (Միքելանջելո, Լեոնարդո, Գյոթե):
Ֆրոյդը հետևողականորեն մերժում է բնածինության թեզը: Դասական հոգեվերլուծության մեջ մարմինը և օրգանները առաջ են բերում գրգռման զգացում, որը պատկերացվում է որպես հակում: Այսինքն՝ հակումը մարմնի մեջ գրգռման մշտական աղբյուրի «հոգեկան ներկայությունն» է:
Շեղումները և այլասերումները՝ նարցիսականությունը, ֆետիշացումը, բիսեռականությունը, ըստ Ֆրոյդի պայմանավորված են երկու հիմնական գործոններով: Մի կողմից դա մշակույթի պահանջներն են, որոնք անցնում են գիտակցության մեջ (ամոթ, կարեկցանկ, զզվանք, բարոյականության և հեղինակության կառույցներ): Մյուս կողմից դա սեռական օբյեկտի ընտրությունն է (նորմալ զարգացումը տեղի ունի, երբ օբյեկտ են դառնում հակառակ սեռի սեռական օրգանները և գործում է ինցեստի սկզբունքը):
«Սերը իր հիմքում հիմա նույնքան կենդանական է, որքան հազարամյակներ առաջ: Սեռական հակումները դժվար են տրվում դաստիարակության: Դրանց դաստիարակությունը կամ շատ է, կամ էլ քիչ: Այն, ինչ մշակույթն է ցանկանում անել սեռական հակումների հետ, անիրագործելի է: Առանց գործադրման մնացող գրգիռները ակտիվ սեռական դրսևորումների ժամանակ հանդես են գալիս որպես անբավարարվածություն»:



Զիգմունդ Ֆրոյդ | Երեք տրակտատ սեռականության տեսության վերաբերյալ | համառոտ Զիգմունդ Ֆրոյդ | Երեք տրակտատ սեռականության տեսության վերաբերյալ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 29, 2015 Rating: 5
Технологии Blogger.