Սիմոնա դը Բովուար | Ուրիշ սեռ | համառոտ


Աշխատությունը նվիրված է մարդկության պատմության ընթացքում  կնոջ ստորադաս դիրքի և իրավունքների խաթարվածության պատճառների լուսաբանմանը: Գիրքը համարվել է ֆեմինիստական շարժման մանիֆեստ: Գիրքը երկհատոր է: Վատիկանը ներառել է այն արգելված գրքերի ցուցակում:
Առաջին մասը, որ կոչվում է «Ճակատագիր», նախ նկարագրում է կենսաբանության որոշ տվյալներ: Կինը էականորեն թույլ է տղամարդուց: Դիտարկելով Զիգմունդ Ֆրոյդի և Ալֆրեդ Ադլերի հոգեվերլուծական տեսությունները՝ հեղինակը մերժում է դրանք, քանի որ ըստ նրա էրոտիզմի ուսումնասիրությունը ընկալման համատեքստում դուրս է գալիս հոգեվերլուծության շրջանակներից: Էնգելսի պատմական մատերիալիզմը նույնպես քննադատության է ենթարկվում, քանի որ մատերիալիզմի «տնտեսական մարդը» վերացականություն է և չի ներկայացնում ամբողջ մարդուն:
Գրքի երկրորդ մասը կոչվում է «Պատմություն»: Բովուարը պնդում է, որ գոյություն ունեն միայն երկու գործոններ, որոնք կարող են բացատրել կնոջ դրության լավացումը: Առաջին գործոնը կնոջ ներգրավվածությունն է արտադրական պրոցեսներում, իսկ երկրորդը՝ ազատությունը վերարտադրողական ստրկությունից: Մայրությունը շղթայում է կնոջը իր մարմնին և թույլ է տալիս տղամարդուն իշխել նրան: Նկարագրվում է կնոջ դիրքի վատթարացման պատմական ընթացքը, մինչև Պյութագորաս, որը նույնացնում է կնոջը քաոսի և խավարի հետ: Տղամարդը տրանսցենդենտ է, կինը իմմանենտ: Քրիստոնեությունը նույնպես գործել է ի շահ կանանց ստրկացման: Բովուարը հիշատակում է Սուրբ Պողոսի և Հովհաննես Ոսկեբերանի ասույթները: Կինը չարիք է: Նկարագրվում է պոռնկությունը և այն փոփոխությունները, որոնք կապված են ասպետական դարաշրջանի և կուրտուազության հետ: Նոր ժամանակներում իրավիճակը չի փոխվել, թեպետ կարելի է հիշել առանձին կանանց (Մարգարիտ Նավարացի), որոնք կարողացան պահպանել անկախություն և նվիրվել արվեստին: Բովուարը քննադատում է Նապոլեոնի կոդեքսը, ինչպես նաև Օնորե դը Բալզակին և Օգյուստ Կոնտին, որոնք իրենց գաղափարներով դանդաղեցրել են կնոջ զարգացումը: 19-րդ դարում արդյունաբերական հեղափոխությունը ազատագրեց կնոջը, քանի որ կինը կարողացավ դուրս գալ տանից: Բայց նա քիչ էր վարձատրվում: «Միայն երբ կինը այս երկրի վրա զգում է իրեն ինչպես տանը, կարող են ի հայտ գալ Մարի Կյուրիի և Ռոզա Լյուքսեմբուրգի նման կանայք»:
Ֆրոյդի առաջարկած «կաստրացիայի կոմպլեքսը», որը հանդիպում է կանանց մոտ, Բովուարը մերժում է: Աղջիկներն միայն սովորում են նախանձել հատուկ օրգանի միջոցով միզելու տղաների կարողությանը: Որպես կոմպենսացում աղջիկները ստանում են տիկնիկ, որը դառնում է նրանց ալտեր էգոն:
Սեքսի բացահայտումը կնոջ կյանքում նույնքան ցավագին է, որքան կտրվելը մորական կրծքից: Իմանալով, որ տղամարդիկ են աշխարհի տերը՝ նրանք փոխում են իրենց գիտակցությունը և գտնում են, որ սեռականությունը գարշելի է: Առաջին սեռական փորձառությունը ազդում է կնոջ ամբողջ կյանքի վրա: Լեսբիական սերը համարվում է ամոթալի այլասերվածություն, սակայն իրականում «այն ոչ գիտակցված այլասերություն է, ոչ էլ ճակատագրական անեծք»:
Ամուսնությունը կնոջ համար սեփական անազատությունը բացահայտելու ծանր ուղի է: Կինը կտրվում է իր ընտանիքից և տեղափոխվում է կատարելապես օտար միջավայր: Հղիությունը, ինչպես երանություն է, այնպես էլ պատուհաս: Մոր սադոմազոխիստական դրսևորումները փոխանցվում են դստերը որպես մեղքի զգացում: Հետերաները, անառակ կանայք և կուրտիզանուհիները սոսկ փախուստի օրինակներ են: Նրանք կրում են իրենց պարտությունը:
Մեջբերելով Ստենդալին՝ Բովուարն ասում է, որ կինը գիտի օգտվել տրամաբանությունից: Սակայն նրանից խլել են օգտակար լինելու ինքնազգացումը: Սադիզմից և մազոխիզմից կարելի է խուսափել, եթե սեռերի միջև հաստատվի հավասարություն: Կին գրողներից նա առանձնացնում է Էմիլի Բրոնտեին և Վիրջինիա Վուլֆին: Սակայն կանայք չեն կարող ստեղագործել այնպես, ինչպես դա անում էին Վինսենտ Վան Գոգը կամ Ֆրանց Կաֆկան: Այդուհանդերձ, կնոջը հարկ է տրամադրել ինքնաիրագործման հնարավորություն: Դրա համար կինը և տղամարդը պիտի վեր բարձրանան իրենց բնական տարբերություններից և կնքեն եղբայրական դաշինք:

Տես նաև Ժան Պոլ Սարտր Ճանճեր և Սրտխառնոց

Սիմոնա դը Բովուար | Ուրիշ սեռ | համառոտ Սիմոնա դը Բովուար | Ուրիշ սեռ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.