
Ռոլան Բարտը իր էսսեում քննադատում է տեքստերի ընթերցման
այնպիսի մեթոդները, որոնք հիմնվում են հեղինակի անձի ասպեկտների, նրա քաղաքական նախասիրությունների,
հավատքի, պատմական իրավիճակի, ազգային պատկանելության, հոգեբանության և կենսագրական
այլ առանձնահատկությունների վրա: Նման ընթերցման եղանակը տեքստի ըմբռնման մեջ որոշիչ
է դարձնում հեղինակի նախասիրության փորձը: Ըստ Բարտի, նման ընթերցումը ունի իր թերությունները,
քանի որ հեղինակ վերագրել տեքստին և այդ հեղինակի հանգամանքներից ելնելով մեկ մեկնաբանություն
տրամադրել, նշանակում է դնել տեքստը սահմանափակումների մեջ:
Ընթերցողները պիտի դիտարկեն ստեղծագործությունը դրա հեղինակից
առանձին:
Տեքստի յուրաքանչյուր մաս բովանդակում է մի քանի շերտ և մի
քանի իմաստ: Բարտը համեմատում է տեքստը հյուսվածքի հետ՝ պնդելով, որ տեքստը մեջբերումների
հյուսվածք է: Այդ մեջբերումները վերցված են մշակույթի անթիվ կենտրոններից, այլ ոչ մեկ
անհատական փորձից: Տեքստի հիմնական իմաստը կախված է ընթերցողի տպավորությունից, այլ
ոչ թե նրա ճաշակից կամ կրքից:
Հեղինակը սոսկ գրում է տեքստը, բայց նա չունի իշխանություն
այդ տեքստի նկատմամբ: Նրա ֆունկցիան ոչ թե բացատրելն է, այլ արտադրելը: Նա ծնվում է
տեքստի հետ միասին: Ավանդաբար քննադատը և վերլուծաբանը խնդիր ունեն հասկանալու այն,
ինչ ներդրել է իր գրվածքի մեջ հեղինակը: Իրականում դա անլուծելի խնդիր է: Այս անկարողությունը
պարզաբանվում է Օնորե դը Բալզակի «Սարակեն» նովելի հերոսի օրինակի վրա: Կաստրատ երգչին
կնոջ տեղ դրած հերոսը սիրո խոստովանություն է անում և ստանում է բացասական պատասխան:
Բարտը հարցնում է. ո՞վ է ի դեմս կաստրատի խոսում իր կանացիության մասին: Ի՞նչ է արտահայտում
հեղինակ Բալզակը: Կանացիության գրական գաղափա՞ր, ռոմանտիզմի հոգեբանությո՞ւն, թե՞
ունիվերսալ իմաստություն: Մենք դա երբեք չենք իմանա:
Բարտը մեջբերում է Ստեֆան Մալարմեին, որն ասում է, որ խոսում
է ինքը լեզուն: Հիշատակում է Մարսել Պրուստին, ով մտահոգ էր գրողի և նրա սիմվոլների
միջև աճող անջրպետի գիտակցմամբ և սյուրռեալիստներին, որոնք օգտվել են ինքնաբերական
գրից՝ արտահայտելու համար այն, ինչ չգիտի գլուխը:
Բարտի կարևորագույն պոստուլատը վերաբերում է հեղինակի և հեղինակության
տրոհմանը: Տեքստի մեկ «աստվածաբանական» իմաստի փոխարեն ընթերցողը հայտնաբերում է բազմաչափ
տարածություն, որը չի կարող վերծանվել: Տեքստին վերջնական իմաստ հաղորդելուց հրաժարվելով՝
ընթերցողը կատարում է հեղափոխական քայլ: Նա հրաժարվում է վերջնական իմաստից, ասես Աստծուց,
որի հիպոստազավորումներն են բանականությունը, օրենքը, գիտությունը…
Տես նաև Միշել Ֆուկո Բառեր և իրեր, Կլոդ Լևի Ստրոս Կառուցվածքային մարդաբանություն և Ֆերդինանդ Սոսյուր Լեզվաբանության ընդհանուր դասընթաց
Ռոլան Բարտ | Հեղինակի մահը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 08, 2016
Rating:
