
Պոեմի հիմքը «Հայկի և Բելի»
ավանդավեպն է, որը վերցված է Մովսես Խորենացու «Պատմությունից»: Բանաստեղծը նշում է
նաև ուրիշ աղբյուրներ՝ Սեբեոսին, Թովմա Արծրունուն, Մովսես Կաղանկատվացուն, Միքայել
Ասորուն, Վարդան Բարձրաբերդցուն և Աստվածաշունչը:
Հայ ազգի նախահայր Հաբեթոսյան
Հայկը բաբելոնյան աշտարակաշինությունից հետո, երբ տիտանյան Բելը բռնանում է բոլոր երկրներին,
չցանկանալով հնազանդվել նրան, թողնում է Բաբելոնը և գալիս է Այրարատ: Տեղի սակավաթիվ
հին բնակիչներն իրենց կամքով հնազանդվում են դյուցազնին: Նավասարդյան տոնի ժամանակ
Բելի պատգամն է բերում նրա որդին՝ Բաբը: Նա ներկայացնում է երեք պահանջ՝ հնազանդվել
Բելի թագին, կրոնափոխ լինել, Հայկի դուստր Հայկանուշին տալ Բելին կնության: Հայոց նահապետը
արհամարհում, խստությամբ մերժում է պատվիրակին և պատրաստվում է պատերազմի:
Աստված ուղարկում է իր հրեշտակին,
որը հորդորում է արագացնել վրիժառությունը Բելից: Հայոց հրեշտակը սպառազինություն է
բերում Հայկի համար: Մինչ հանգուցալուծումը տեղի են ունենում զանազան դեպքեր և ռազմական
բախումներ: Վստամը բարձրացնում է խռովություն՝ իրեն համարելով երկրի բնիկ տեր: Վիրավորվում
է Հայկը, գերի է ընկնում Հայկանուշը, սպանվում են Հրանտը և Հայկակը: Վիրավոր Հայկը
երկնավոր տաճարում տեսիլ է ունենում, որի մեջ ոչ միայն անցյալն է, այլև ապագան: Ներկայացվում
է հայոց ամբողջական պատմությունը, կարևոր դեմքերը (Արա Գեղեցիկը, Երվանդյան Տիգրանը,
Արտաշեսը, Արտավազդը, Վռամշապուհը, Սահակը, Մեսրոպը, Վարդանը, Վահանը, Բագրատունիները,
Դավիթ Բեկը և Մխիթար Սեբաստացին): Հայկին հովանավորում է Աստված իր հրեշտակներով, իսկ
Բելին՝ երկրի ընդերքից Սանդարամետն իր հրեշտակներով: Վերջում աղեղնավոր «հայրն հայոց»
նետահարում է Բելին, որի զորքը ցրվում է: Երկիրը նախահոր անունով կոչվում է «Հայք»:

Արսեն Կոմիտաս Բագրատունի | Հայկ Դյուցազն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 05, 2015
Rating:
