Մուրացան | Ց՝պահանջ | համառոտ


Ամառային երեկո է: Փոքրիկ ավանի միակ ճաշարանի բակում, սեղաններից մեկի շուրջը նստած են մի խումբ երիտասարդներ, որոնք ավանում պատահած մի ինչ-որ նորության առիթով վիճում են այն մասին, թե «գաղտնիքներով հետաքրքրվելը լա՞վ բան է, թե՞ վատ»: Նրանցից մի փոքր հեռու նստած է ավանի փոստատան կառավարիչը, մոտ հիսնամյա, բարեդեմ, խելացի աչքերով և գորշախառն մորուքով մի մարդ: Գարեջրի շիշը դատարկելուց հետո մոտենում է երիտասարդներին և ասում, որ նրանք բոլորն էլ յուրովի ճիշտ են մտածում, սակայն ինքը խորհուրդ է տալիս նրանց՝ երբեք չհետաքրքրվել գաղտնիքներով: Տղաները ճանաչում են Վասիլ Իվանիչին և խնդրում են բացատրել իր այդ կարծիքը և հիմնավորել այն: Նա ասում է, որ գաղտնիքներով հետաքրքրվելն առհասարակ անքաղաքավարություն է: Դա կանանց թուլություններից է, ուստի տղամարդուն վայել բան չէ: Այն հաճախ պատճառում է չարիք, որից ազատվելու համար չի բավականացնի նույնիսկ իրենց ողջ կյանքը: Երիտասարդներից բոլորը չէ, որ համաձայն են նրա  հետ, ունեն տարբեր կարծիքներ: Վասիլ Իվանիչը կարծում է, որ ավելի լավ է խաբված մնալ, քան օրինակ իմանալ կնոջդ կամ բարեկամիդ կողմից սիրված չլինելու հանգամանքը: Խաբված լինելու մեջ չկա ճշմարտություն, բայց կա անդորրություն: Խոսակիցներից մեկն ասում է, որ ինքն իր կյանքում երբևէ չի հանդիպել մի մարդու, որ զղջացած լինի որևէ ճշմարտություն իմացած լինելու համար: Վասիլ Իվանիչը գրազ է գալիս տասը շիշ գարեջրով, որ նրանք ճանաչում են այդպիսի մարդու: Երբ գարեջրերը դրվում են սեղանին, նա ասում է, որ այդ մարդը հենց ինքն է և պատմում է հետևյալ պատմությունը:
Տասնհինգ տարի առաջ ինքը պաշտոն ուներ մայրաքաղաքում, դարձյալ ծառայում էր փոստատանը և վարում էր գլխավոր նամակաբաշխի պաշտոնը: Ամենից շատ հետաքրքրական էին «ցպահանջ» կոչվող ծրարները: Դրանք հիմնականում սիրային նամակներ էին, որոնց վրա հաճախ չէր լինում մինչև անգամ ստացողի անունն ու ազգանունը, այլ միայն երկու պայմանական տառ, օրինակ, «Ա. Դ. ցպահանջ», «Ե. Ն. ցպահանջ», «1240, ցպահանջ» և այլն: Նամակի տերն այդ պայմանական տառերը կամ թվանշանները նամակաբաշխին հայտնելով, ստանում է յուր ծրարը: Նրան սկսում են հետաքրքրել այդ նամակներ ստացողները: Ամեն անգամ տուն գնալիս, փոստատան անցուդարձի մասին պատմում էր կնոջը՝ Յուլիային, որը մի գեղեցիկ, հավատարիմ ու սիրելի կին էր նրա համար: Նրանք միշտ զրուցում էին գաղտնի սիրահարների մասին, որոնք գալիս էին փոստատուն իրենց նամակների հետևից: Վասիլ Իվանիչը հպարտանում էր իր կնոջով, որ վերջինս այդ թեթևաբարո կանանց նման չէր, որոնք ամուսիններից կամ հայրերից ու մայրերից թաքուն այլ կյանքով էին ապրում, նամակներ գրում, ժամադրություններ նշանակում: Մի անգամ փոստատուն է գալիս երիտասարդ մի դերասան՝ Շուբինը, որ իր տաղանդով ու արտաքինով գրավել էր բոլոր կանանց: Նրա հետ ծանոթացել էին նաև Վասիլ Իվանիչն ու Յուլիան բարեկամներից մեկի տանը, և նրանց մեջ բարեկամություն էր սկսել: Այդ օրը փոստատուն գալով՝ երիտասարդը խնդրել էր Վասիլ Իվանիչին, որ «a.b.c.» տառերով նամակ ստանալու դեպքում հանձնի իր ծառային: Այս մասին նա պատմել էր կնոջը, իսկ կինը անտարբեր էր ձևացել, նույնիսկ առաջարկել կարդալ նրա նամակը: Ինքը մերժել էր, նույնիսկ մի փոքր վիճել էին: Ապա այդ թեմայով ամուսինները այլևս չէին խոսում: Բայց սույն նամակները շարունակում էին գալ փոստատուն շաբաթը երկու-երեք անգամ: Մի օր Յուլիան հայտնել էր ամուսնուն, որ գնում է քեռու տուն, որն ապրում էր քաղաքի հեռավոր մի արվարձանում և որի հետ ինքը խռով էր: Վասիլ Իվանիչը մենակ չմնալու համար, որոշել էր օրն անցկացնել ընկերոջ հետ և գնալ քաղաքից դուրս, այգիներից մեկում հանգստանալու: Նամակները զատելու ժամանակ դարձյալ տեսել էր «a.b.c.» տառերով նամակ, դրել էր ծոցը, որպեսզի Շուբինի տան մոտով անցնելիս տար նրան, սակայն մոռացել էր: Ընկերոջ հետ լավ քեֆ էին արել, մեկ էլ հանկարծ ձեռքը տարել էր ծոցը ու նամակը հանել: Ընկերը, իմանալով որ դա «ցպահանջ» նամակ է, խլել էր այն իր ձեռքից ու բացել կատակելու համար: Սակայն նամակը առաջինը կարդացել էր ինքը ու տեղում քարացել: Նամակը դերասանին գրել էր իր կինը և ժամադրել էր նրան՝ խաբելով ամուսնուն, թե քեռու մոտ է գնում: Նա, թողնելով ընկերոջն այգում, քայլելով հասել էր քաղաք, գնացել ժամադրության վայրը և տեսել կնոջն ու դերասանին: Կինը ճիչ էր արձակել, իսկ ինքը ոչինչ չասելով հեռացել էր: Երկու օր քաղաքում թափառելուց հետո վերադարձել էր տուն և տեսել, որ այնտեղ մարդիկ են հավաքվել: Պարզվել էր, որ Յուլիան մի քանի ժամ առաջ մահացել էր՝ թունավորելով իրեն կարբոլյան թթվուտով
Այսպիսով այդ բոլոր դժբախտության պատճառը մի գաղտնիք քրքրելն էր ու մի ճշմարտություն իմանալը:

Մուրացան | Ց՝պահանջ | համառոտ Մուրացան | Ց՝պահանջ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 22, 2016 Rating: 5
Технологии Blogger.