Մուրացան | Պսակների բողոքը | համառոտ


Սրբազանը դեռ նոր էր զարթնել, երբ առաջնորդարանի ծառան ներս գալով՝ հայտնում է սենեկապան սպասավորին, թե Մայր եկեղեցու լուսարարը վաղուց սպասում է դռանը՝ սրբազանին տեսնելու համար: Նա ասել է, թե գաղտնիք ունի նրան ասելու: Սենեկապանն ընդունում է լուսարարին, որ համակրելի դեմքով, քաղցր նայվածքով, սարկավագի աստիճան ունեցող մի երիտասարդ է, սակայն վերջինս մերժում է իր գաղտնիքը սենեկապանին հայտնել և ասում է, որ ինքը պետք է խոսի բացառապես սրբազանի հետ: Սենեկապանը սովորաբար ինքն է ընդունում խնդրարկուներին, և այս հանգամանքը բարկացնում է նրան: Նա որին ուզում, ներս է թողնում, որին չի ուզում, ստում է, թե սրբազանը զբաղված է կամ չի կարող ընդունել տվյալ մարդուն: Ահա ինչու խնդրարկուները միշտ ջանում են հաճոյանալ սենեկապան Հակոյին, քանի որ նրանից է կախված սրբազանի վերաբերմունքն ու որոշումը: Լուսարարն անզգույշ է վարվում: Սենեկապանը սրբազանին հայտնում է, թե փչացած, գուցե հարբած մի լուսարար եկել է ու պահանջում է տեսնել սրբազանին: Սրբազանը ընդունում է լուսարարին՝ նախապես արդեն վատ տրամադրված նրա հանդեպ: Լուսարարը հայտնում է իր խնդրանքը, այն է՝ որ սրբազանը թույլ տա իրեն հանել եկեղեցու վերնատանը կախած պսակները, որոնք բերվել են ննջեցյալների տերերի կողմից: Դրանք պետք է փշրել, քանի որ պղծում են եկեղեցին: Սրբազանը, ներքուստ կարծելով, թե լուսարարը խելագար է, թուղթ ու գրիչ է պատվիրում, մի գրություն տալիս նրան և ուղարկում բժիշկ Մալուխյանի մոտ՝ պատճառաբանելով, թե իբր նա էլ պետք է հայտնի իր համաձայնությունը՝ իբրև ժողովրդից ընտրված հաշվատես, որը քննում է մատյաններում ցուցակագրված ամեն իր: Երբ լուսարարը գնում է վերջինիս մոտ, նա սկսում է զննել նրա աչքերը, լեզուն, այնքան, որ լուսարարը գլխի է ընկնում, թե սրբազանն ինչ է գրել նամակում և խնդրում է բժշկին լսել իրեն: Նա ասում է, որ ինքը խելագար չէ և պատմում է հետևյալը: Պսակները իրենք խոսել են նրա հետ և հայտնել, որ հանի իրենց եկեղեցուց և փշրի: Դա տեսիլքի նման մի բան է եղել, որի արդյունքում լուսարարը չի կարողանում այլևս եկեղեցի մտնել և ահա ինչու գնացել է սրբազանի մոտ նման տարօրինակ առաջարկով: Ինքը եկեղեցին շատ է սիրում և կարծում է, որ ծնվել է հենց այնտեղ ծառայելու համար, քանի որ աշխարհիկ զվարճությունները նրան չեն գրավում: Ի տարբերություն ընկերների միշտ ավելի շուտ է գնում եկեղեցի և ավելի երկար մնում այնտեղ: Մաքրում ու կարգավորում է այնտեղ եղած ամեն իր, այդ թվում նաև պսակները: Սիրում է եկեղեցական բոլոր փառավոր հանդեսները, շքեղ թափորները, և հատկապես փայլուն հուղարկավորությունները, քանի որ դրանք շատ խորհրդավոր են: Պսակները նրան շատ  խորհրդավոր են թվում, դրանց մեջ միաժամանակ մարմնանում ու միավորվում են երկու հարգելի և թանկագին կատարելություններ, մեկը՝ առաքինության կամ հանճարի արժանիքը, մյուսը՝ այդ արժանյաց կորստի համար զգացված վիշտը: Նա ամեն օր սրբում է այդ պսակների փոշին, կարդում դրանց գրությունները և խոսում պսակների հետ ու հարցեր տալիս նրանց: Եվ ահա մոտ օրերս, երբ ինքը մենակ էր եկեղեցում, ձայն է լսում՝ «Խեղճ մարդ, մի՞թե հավատում ես»: Հանկարծ պսակները միաբերան ու ժապավենները շարժելով հայտնվում են նրա առաջ ու սկսում խոսել նրա հետ: Ամեն մեկը պատմում է այն ննջեցյալի մասին, որի վրա ինքը դրվել է կամ այն մարդու մասին, ով նվիրել է այդ պսակը: Պսակները բողոքում են, որ իրենց վրա գրված զանազան գեղեցիկ խոսքերը՝ «Յուր արժանավոր որդուն մեծարգող ժողովուրդը», «Առաքինի բարերարին՝ երախտագետ հասարակությունը», «Անկաշառ հրապարակախոսին, ճշմարտության դրոշի տակ Ազնվաբար մարտնչողին» և այլն, բոլորը կեղծիք ու ստություն են: Իրենք պատրաստված են ժանգոտ երկաթից, թիթեղի կտորներից, կավից, ճենապակուց, իսկ այդ խոսքերը բոլորովին էլ չեն բնութագրում մահացած մարդկանց կամ նրանց հարազատների զգացումները: Իրականում դրանք եղել են կաշառակեր, ստախոս մարդիկ, նրանց ոչ թե սիրել, այլ ատել են և բոլոր այդ գրությունները կեղծ են: Կինը գրել է սիրո գեղեցիկ խոսքեր մեռած ամուսնուն նվիրված պսակի վրա, մինչդեռ մահից անմիջապես հետո սիրեկանի գրկում է: Մարդուն անվանում են առաքինի, մինչդեռ նա թշվառ էակ էր՝ զրկված խղճից, ամոթից ու կարեկցությունից: Պսակները ամաչում են, որ իրենք գտնվում են եկեղեցում և պղծում են այն: Լուսարարը, չդիմանալով նրանց ճնշմանը, փախել էր եկեղեցուց, բայց հաջորդ օրը ևս տեսիլքը շարունակվել էր, և նա ահա եկել էր անմիջապես սրբազանի մոտ: Բժիշկը երկար մտածելուց հետո նրան ասում է, որ այդ մտքերով տարված լինելով, ենթարկվել է զգայարանաց պատրանքի, և խորհուրդ է տալիս փոխել կյանքի եղանակը, զբաղվել մի փոքր աշխարհիկ զվարճությամբ: Իսկ առաջնորդի նամակին պատասխանում է, որ լուսարարը խելագար չէ, պարզապես նրա հետ խոսել են այն ոգիները, որոնք խոսել են Գյոթեի, Սոկրատի և այլոց հետ: Նա ևս խորհուրդ է տալիս սրբազանին հանել տալ այդ պսակները, որոնք ստություն ու կեղծիք վարագուրող իրեր են: Սրբազանը, կարդալով նամակը, սենեկապանին պատվիրում է ներս չթողնել բժշկին, քանի որ լուսարարի հիվանդությունը վարակիչ է և այժմ բժիշկն էլ է խելագարվել: Ժողովուրդը ևս կարող է վարակվել, ինքը վախենում է բժշկից: Սրբազանի իմաստուն կարգադրության շնորհիվ լուսարարը արտաքսվում է պաշտոնից, իսկ բժիշկ Մալուխյանը այլևս առաջնորդարան չի մտնում:

Մուրացան | Պսակների բողոքը | համառոտ Մուրացան | Պսակների բողոքը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 23, 2016 Rating: 5
Технологии Blogger.