Մուրացան | Տիկին Փիլարյանի վիշտը | համառոտ


Նկարագրվում է ուսուցիչների խոսակցությունը, որը տեղի է ունենում հայոց դատարկ մնացած դպրոցներից մեկում: Օրիորդ Սևիկյանը պնդում է, որ ազգի հարուստ ու կարող անձինք թույլ չեն տա իր որդիներին այդ ձևով անհետանալ, մինչդեռ մյուսները և հատկապես պ. Մեհերյանը, այն կարծիքին են, որ տաճկահայերի համար երկու ելք է մնում՝ կամ ազգովին կորուստ, կամ հավիտենական ստրկություն: Ասում են, թե ընդհանուր գաղթականների կարիքը հոգալու, նրանց հայրենիք վերադարձնելու կամ Հայաստանում մնացող սովալլուկների դրությունը բարվոքելու համար բավական է հինգ հարյուր հազար ռուբլի: Սևիկյանը համոզված է, որ ազգի հարուստները կարող են այդ գումարը տրամադրել իրենց եղբայրներին: Խոսակցությունը ավարտվում է նրանով, որ Սևիկյանը համաձայնում է մատյանով գնալ ներկայանալ Թիֆլիսի հարուստներից Փիլարյանին և նպաստ խնդրել գաղթականների համար: Եթե վերադառնա մի կլորիկ գումարով, պ. Մեհերյանը պետք է ծնկի գա նրա առաջ և ներողություն խնդրի օրիորդի խոսքերը ծաղրելու համար: Վարժուհիներն ու վարժապետները համաձայնում են նրա առաջարկին, պայմանով, որ նա կվերադառնա առնվազն 500 ռուբլով, հակառակ դեպքում ինքը պետք է ծնկի գա ուսուցչանոցում: Այսպես Սոփի Սևիկյանը գնում է Փիլարյանի տուն: Սկզբում նրան հայտնում են, որ տիկին և պարոն Փիլարյանները իսկույն դուրս պետք է ելնեն տնից՝ այցելության գնալու համար: Հեռվից տեսնում է Փիլարյանի փառավոր ու փայլուն կառքը՝ լծված անգլիական ահիպարանոց ձիերով: Տեսնելով հիասքանչ կառքը՝ մտածում է, որ անհնար է՝ նրանք գծուծ հոգի ունենանՎերադառնում է 2 ժամ հետո: Այս անգամ նրան ընդունում են: Ընդունարանում սպասելիս Սևիկյանը պատահաբար լսում է տիկին Փիլարյանի վիճաբանությունը ինչ-որ բան կտրելու-չկտրելու վերաբերյալ: Այնուհետև, երբ Փիլարյանին ներկայացնում է իր հարցը, վերջինս նրան ասում է, թե ընտանեկան ծանր խնդրով է զբաղված, որի անհաջող լուծումը մեծ հոգս պետք է պատճառի իրեն, թող նա վաղը գա: Եթե խնդիրը ըստ իր ցանկության լուծվի, գուցե ինքը ավելի մեծ գումար ստորագրի: Օրիորդ Սևիկյանը հեռանում է՝ մտածելով, որ ամեն ընտանիք իր խնդիրներն ունի, անգամ հարուստները: Հաջորդ օրը գալիս է նույն ժամին, ինչպես պատվիրել էր տիկին Փիլարյանը: Այստեղ նա տեսնում է իր ընկերուհուն՝ օրիորդ Լուսիկ Փամբուկյանին, որը երեխաներին հայերեն դաս է տալիս: Փիլարյանները ունեն շատ երեխաներ: Վերջիններս ունեն զանազան տիպերի վարժուհիներ ու դաստիարակչուհիներ՝ անգլուհի, ֆրանսուհի, գերմանուհի, ռուս: Նրանք երեխաներին սովորեցնում են լեզուներ և դաստիարակում են: Հայերենին տրամադրված է ընդամենը շաբաթվա մեջ երկու ժամ: Ընկերուհուն հրավիրել է ամուսինը, որ մի փոքր դեռ հայություն ունի իր մեջ, իսկ կինը հակառակը, երեխաների հետ անգամ հայերեն չի խոսում: Այս տեղեկություններն անհաճո տպավորություն են թողնում Սևիկյանի վրա: Գալիս է տիկին Փիլարյանը՝ ասելով, որ ցավում է, որ իր խնդիրը իր ուզած լուծումը չստացավ և ծանր վիշտ պատճառեց իրեն, այնուամենայնիվ կարող է մի բան տանել իրենց կողմից խեղճ գաղթականների համար: Ծրար է տալիս Սևիկյանին, ստորագրում իր նվերը մատյանի մեջ: Օրիորդ Փամբուկյանը հետևում է ընկերուհուն մինչև նախասենյակը: Սոփին խնդրում է  հայտնել իրեն, թե այդ ինչ մեծ վիշտ էր: Ընկերուհին հայտնում է, որ խոսքը Պետերբուրգից նոր բերված կառքի ու ձիերի մասին էր: Տիկինը ուզում էր, որ դրանք եվրոպական տարազով լինեն, պոչերի մի մասը կտրվեն, իսկ ամուսինը հակառակում էր: Սոփին չհավատալով, որ դա էր Փիլարյանի ընտանեկան ծանր հոգսը, վիրավորված ու հիասթափված, բացում է մատյանը և տեսնում, որ նա ստորագրել է միայն տասը ռուբլի: Հիշելով ուսուցչանոցում արած վիճաբանությունը, թողնում է ընկերուհուն ու շտապ հեռանում: Ճանապարհին տեսնում է օրիորդ Լազարյանին, որն ասում է, որ դեռ շարունակում են վիճել այդ հարցով ուսուցչանոցում: Սոփին ասում է, որ ինքն այլևս այնտեղ չի գնալու, մատյանը տալիս է Լազարյանին ու հեռանում: Այդ օրվանից նա այլևս ոչ մի տեղ չի վիճաբանում այն մասին, թե հայ թշվառները կարող են երբևիցե ազատվել իրենց ճակատագրից:    

Մուրացան | Տիկին Փիլարյանի վիշտը | համառոտ Մուրացան | Տիկին Փիլարյանի վիշտը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:55:00 Rating: 5
Технологии Blogger.