
Շունը և մսի կտորը
Շունը մսի կտորը երախում անցնում
էր գետի վրա ձգվող տախտակով: Տեսնում է սեփական արտացոլանքը ջրում և մտածում է, թե
օտար մի շուն է, որը գողացել է իր միսը: Սկսում է հաչել ու փորձում է միսը խլել նրանից:
Իր միսը գցում է ջուրը և տեսնում, որ այն մյուս շունն էլ երախում ոչինչ չունի: Եվ մնում
է շունը ձեռնունայն:
Շունը և աքաղաղը
Շունը և աքաղաղը գնում են աշխարհով
մեկ շրջելու: Գիշերով աքաղաղը քնում է ծառի ճյուղին նստած, իսկ շունը հարմարվում է
ծառի տակ: Առավոտյան կանուխ աքաղաղը կանչում է: Աղվեսը լսելով նրա ձայնը գալիս է և
խնդրում, որ իջնի իր մոտ: Որ կարողանա նրան պատիվ մատուցել: Աքաղաղն ասում է, որ նախ
հարկավոր է արթնացնել պահակին, որը քնած է ծառի տակ: Աղվեսը արթնացնում է շանը, շունը
հարձակվում է նրա վրա ու խեղդում է:
Ծերունին և մահը
Ծերունին փայտ է կտրում և ուզում
է տուն տանել: Ճանապարհը երկար է: Նա վար է դնում փայտի կապոցը և ասում. «Մարդու մեռնելն
էլ չի գալիս, որ պրծնի»: Մահը գալիս է և հարցնում. «Ի՞նչ ես ուզում»: Ծերունին վախենում
է և ասում. «Բարձրացնել փայտի կապոցը:»
Կրիան և արծիվը
Կրիան խնդրում է, որ արծիվը
նրան թռչել սովորեցնի: Իսկ արծիվը հրաժարվում է: Բայց կրիան նորից ու նորից է խնդրում:
Արծիվը ճանկում է կրիային և օդ հանում: Այնտեղից գցում է ցած, այնպես որ կրիան ընկնում
է քարերի վրա և կործանվում:
Ժառանգության բաժանումը
Մի ծեր մարդ ուներ երկու որդի:
Ասում է նրանց.
- Երբ մեռնեմ, ամեն բան բաժանեք
հավասար:
Երբ հայրը մեռնում է, որդիները
չեն կարողանում բաժանել ունեցվածքն առանց վեճի: Օգնության են դիմում հարևանին: Սա հարցնում
է.
-Ինչպե՞ս էր հայրը պատվիրում
բաժանել:
- Հավասար,- պատասխանում են
որդիները:
- Այդ դեպքում հավասար պատռեք
բոլոր զգեստները, հավասար կոտրեք ամբողջ սպասքը և հավասար մորթեք բոլոր անասուններին:
Եղբայրները այդպես էլ անում
են և նրանց մոտ ոչինչ չի մնում:
Կապիկը և ոլոռը
Կապիկը երկու բուռ ոլոռ ուներ:
Ոլոռի մի հատիկ դուրս է ընկնում: Ուզում է բարձրացնել, թափում է ևս քսանը: Փորձում
է վերցնել, թափում է մնացածը: Կատաղում է, ցիր ուցան է անում ոլոռը և հեռանում:
Կթու կովը
Մի մարդ կով ուներ: Կովն ամեն
օր տալիս էր լիքը սափոր կաթ: Մարդը հյուրեր է կանչում և նրանց համար կաթ է ուզում հավաքել:
Տաս օր շարունակ կթում է կովին: Նա կարծում է, որ այդ դեպքում կովը տասն անգամ շատ
կաթ կտա: Սակայն կովի կաթը կտրվում է և ծերունին մնում է առանց կաթի:
Լև Տոլստոյ | Առակներ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 05, 2016
Rating:
