Բենջամեն Ֆրանկլին


Ամերիկյան Լուսավորության դարը բացվում է Բենջամեն Ֆրակլինի ստեղծագործությամբ:
Նա ազատ անձի իդեալի մարմնավորումն է: Լուսավորության գաղափարներով է տոգորված արդեն նրա առաջին գործերից մեկը, որ կոչվում է «Քննախոսություն ազատության, անհրաժեշտության, հաճույքի և տառապանքի մասին» (1725), որը գրված է դեիզմի դիրքերից: Առավել ազդեցիկ է Ֆրանկլինը արտահայտում իր մտահոգությունները «Թշվառ Ռիչարդի ալմանախում»: Այստեղ հեղինակը ցուցաբերում է անսպառ հնարամտություն: Կատարելության հասցնելով իր ամեն աֆորիզմը, նա անվերջ խաղարկում է տրակտատի մտքերը: Նա ակտիվացնում է համաշխարհային գրականության ոլորտում իր գիտելիքները՝ ներշնչանքի աղբյուր գտնելով անտիկ հեղինակների, Ռաբլեի, Լառոշֆուկոյի, Բեկոնի, Սվիֆթի և այլոց երկերում: Ռիչարդը երրորդ դասի ներկայացուցիչ է, ծանրաբեռնված չէ գրքային իմացություններով, սակայն առողջ բանականության և բազմամյա փորձի օգնությամբ կարողանում է գլուխ բերել ամեն գործ և լուծել հարևանների վեճերը: Սեփական աշխատանքով հոգում է ընտանիքի ապրուստը:
Ֆրանկլինի ստեղծագործության մեջ նոր փուլ սկսվեց նախահեղափոխական շրջանում: Այնպիսի գործերում, ինչպիսիք են՝ «Պրուսական թագավորի հրավարտակը» (1773), «Ուղեցույց, թե ինչպես մեծ կայսրությունից սարքել փոքրը» (1773), Ֆրանկլինը անողոքաբար քննադատում է Ամերիկայի անկախության հակառակորդներին: «Հրովարտակը» գրված է ասես պրուսական թագավորի անունից, որը ցանկանում է իրավունքներ շահարկել Մեծ Բրիտանիայի նկատմամբ: «Ուղեցույցի» մեջ Ֆրանկլինը ամենալուրջ կերպով համոզում է Անգլիայի թագավորին միջոցներ ձեռք առնել, որոնք կբերեն գաղութների կորստին, իբրև թե դա է միապետի միակ երազանքը: Սակայն իրականում Ֆրանկլինը նշում է բոլոր այն քայլերը, որոնցով Անգլիան ձգտում էր պահել իր տիրույթները: Չի դադարում գրել նաև բարոյական խնդիրների մասին՝ «Առակ հետապնդման մասին» (1774), «Սուլիչ» (1779), «Երկխոսություն Ֆրանկլինի և ոսկրափուտի միջև» (1780): Ամերիկյան հասարակական մտքի վրա մեծ ազդեցություն են թողել Ֆրանկլինի երկերը, որոնք առնչվում են նեգրերի և հնդկացիների խնդիրներին: Որպես ստրկատիրության հակառակորդ նա հիմնում է Ամերիկայում առաջին օբոլիցիոնիստական ընկերությունը և դառնում դրա նախագահը:
Ֆրանկլինի «Մեմուարները» (1789) գրողի ստեղծագործության գագաթն է: Այստեղ նրա նպատակը սոսկ իր կյանքի պատմությունը հաղորդելը չէ: Ինչպես և Ռուսոն իր «Խոստովանության» դեպքում հեղինակը ստեղծում է բարոյախրատական էսսե: Այստեղ հաստատագրված է լուսավորական դարի իդեալը: «Մեմուարների» հերոսը «նոր մարդու» օրինակն է: Երրորդ դասից նա բարձրանում է մինչև պետության կառավարման ինստիտուտների ղեկավար: Ի տարբերություն Ռուսոյի Ֆրանկլինը ոչինչ չգիտի անձի ներքին հակասականության մասին: Հենց նման միագիծ հավատը Լուսավորականության իդեալների հանդեպ անընդունելի դարձրեց Ֆրանկլինին ռոմանտիկների համար: Ըստ Բոդլերի Ֆրանկլինը «վաճառասեղանների բարոյականության հորինողն է, մատերիային ենթարկված դարի հերոսը»:      

Տես նաև Թոմաս Մոր Ուտոպիա, Ադամ Սմիտ Ժողովուդների հարստության մասին և Կառլ Մարքս Կապիտալ

Բենջամեն Ֆրանկլին Բենջամեն Ֆրանկլին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:13:00 Rating: 5
Технологии Blogger.