
Ստորև ներկայացնում ենք հատված Արա Առաքելյանի «Ֆրանց Կաֆկայի
«Օրագրերը»» գրքից (ԵՊՀ հրատարակչություն, 2016):
Կաֆկայի ստեղծագործական անհատականության երկրորդ կարևոր կողմը (գրականությունից և արվեստից հետո) փիլիսոփայությունն է: Սնունդ առնելով և ձևավորվելով գերմանահրեական միջավայրում, նրա մտածողությունը ձեռք է բերում ընդգծված փիլիսոփայական ուղղվածություն: Դա իր արտահայտությունն է գտնում գրողի ստեղծագործության մեջ, գեղարվեստական երկերում (անուղղակի արտահայտություն), «Օրագրերում», նամակներում, և հատկապես «Աֆորիզմներում» (ուղղակի արտահայտություն)՝ պայմանավորելով դրանց հիմնական բովանդակությունը, մարդու և գոյության խնդիրների անընդհատ և բազմակերպ արծարծումը: Բայց այս հանգամանքը հիմք չի կարող հանդիսանալ Կաֆկայի ստեղծագործությանը իբրև փակ և ամբողջական փիլիսոփայական համակարգի մոտենալու համար: «Կաֆկայի գործերի փիլիսոփայական հիմքը,- գրում է Ի. Սվիտակը,- աշխարհի մասին մարդկային փորձառության բաց համակարգ է, այլ ոչ թե մտածողի աշխարհայացք»:[1] Նույն կարծիքին է Բ. Նագելը. «… նրա (Կաֆկայի՝ Ա. Ա.) նպատակը և խնդիրը ոչ թե այն է, որ ապացուցի ինչ-որ տեսություն, այլ մեզ տրամադրի տեսակետ»[2]: Այսինքն՝ Կաֆկայի փիլիսոփայությունը, հիմնված լինելով մարդկային որոշակի ըմբռնողության և կենսափորձի վրա, տեղավորվում է գոյափիլիսոփայություն (կենսափիլիսոփայություն) հասկացության շրջանակներում և հետապնդում որոշակի նպատակներ: Կաֆկայի մտածողության փիլիսոփայական սահմանները որոշակիորեն երևում են հետևյալ գրառումից.
«Խոսքը ահա թե ինչի մասին է: Մի անգամ շատ տարիներ առաջ,
ես, իհարկե բավական տխուր նստել էի Լավրենտևյան լեռան լանջին: Ես ստուգում էի, թե ինչ
եմ ուզում կյանքից: Ամենակարևորը և ամենագրավիչը, պարզվեց, կյանքի մասին այնպիսի հայացք
գտնելու ցանկությունն է… որի դեպքում կյանքը, թեև պահպանում է իր բնական ծանր անկումներն
ու վերելքները, բայց միևնույն ժամանակ ոչ պակաս
պարզությամբ ներկայացնում է դատարկությամբ, երազով, անորոշությամբ»[3]:
Երևույթները տարբեր տեսանկյուններից տեսնելու և քննելու Կաֆկայի
սկզբունքը նրան որքան մոտեցնում է տարբեր փիլիսոփայական համակարգերին ու դպրոցներին,
նույնքան էլ բացառում նրա մտածողությունը և հարցադրումները որևէ մեկ առանձին համակարգի
սահմաններում և չափանիշներով դիտարկելու հնարավորությունը:
Կաֆկայի գոյափիլիսոփայությունը հնի ու նորի համադրության
արդյունք է: Նրա մտածողության արմատները մի կողմից հասնում են հնադարի խորքերը, մյուս
կողմից կանգնած են 20-րդ դարի ամենաազդեցիկ փիլիսոփայական համակարգի՝ էքզիստենցիալիզմի
սկզբնավորման ակունքներում: Կաֆկայի անձնական գրադարանում Պլատոնի ստեղծագործությունների
կողքին պահպանվում են Կ. Մարքսի, Ֆ. Շլայերմախերի, Ս. Կիերկեգորի, Ֆ. Նիցշեի գրքերը[4]:
Սոկրատեսյան «Ճանաչի՛ր ինքդ քեզ» և «Եղի՛ր այն, ինչ ես» կարգախոսները, Զենոնի ապորիաները,
Մարկոս Ավրելիոսի իմաստասիրական ինքնաքննությունները Կաֆկայի մտածողության ոչ միայն
ազդակները եղան, այլև կայուն դոմինանտները: Այսպես, գրառումներում ինքնաճանաչման մասին
կարդում ենք. «Ճանաչի՛ր ինքդ քեզ չի նշանակում զննիր: Զննի՛ր ինքդ քեզ՝ օձի խոսք է:
Այն նշանակում է՝ դարձի՛ր քո գործերի տերը: … Այսինքն, այդ խոսքը նշանակում է՝ թերագնահատի՛ր
քեզ, քայքայի՛ր քեզ: Այսպիսով, ինչ-որ չար բան անելիս կամ երբ շատ ստորանում ես, լսում
ես նաև նրա բարությունը, որ ասում է՝ քեզ այն դարձնելու համար, ինչ որ ես»[5]:
Մեկ այլ գրառում, որ գտնում ենք «Աֆորիզմներում», Զենոնի
ապորիաներին հարազատ բնույթ ունի. «Նա ուզում է խմել և աղբյուրից բաժանված է միայն
թփերով: Բայց նա բաժանված է երկու մասի, մի մասը հայացքով ընդգրկում է ամեն ինչ, տեսնում
է, որ ինքը կանգնած է այստեղ և որ աղբյուրը կողքին է, իսկ երկրորդ մասը ոչինչ չի տեսնում,
այլ միայն կռահում է, որ առաջին մասը ամեն ինչ նկատում է: Բայց քանի որ նա ոչինչ չի
տեսնում, խմել չի կարող»[6]:
Տես նաև Սուրեն Շտիկյան Դատապարտյալի օրագիրը և Հայկ Դռնոյան Հայկական «Սասնա ծռեր» հերոսավեպի և արևմտաեվրոպական հերոսավեպերի համեմատական տիպաբանական քննություն
[1] Nagel B., Franz Kafka,
Berlin, 1974, 37.
[2] Nagel B., Franz Kafka und die
Weltliteratur, München, 1983, 86.
[3] Кафка,
Фр., Сочинения в 3-х томах, т. 3, М. 1995, 21.
[4] Nagel B., Franz Kafka und die
Weltliteratur, München, 1983, 86.
[5] Кафка,
Фр., Замок. Новеллы и …, М. 1991,
170.
[6] Кафка,
Фр., Сочинения в 3-х томах, т. 3, М. 1995, 25.
Արա Առաքելյան | Ֆրանց Կաֆկայի «Օրագրերը»
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 23, 2017
Rating:
